Արցախի Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որն ապացուցում է հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայությունը։ Այս տեսագրության վարձկան-ահաբեկիչներն արցախա-ադրբեջանական ճակատային գծի հարավարևելյան հատվածում են։ Կադրերում երկու տասնյակից ավելի վարձկաններ են։ ՊԲ-ն ուշադրություն է հրավիրում նրանց տարօրինակ պահվածքի վրա։ Անում են անկանոն ու տարերային տեղաշարժեր։ ՊԲ-ի բնորոշմամբ՝ հոգեմետ միջոցների ազդեցության տակ են։
«Մարտավարական տարրական կանոնների իսպառ բացակայություն»,- նշված է տեսանյութում։
Հաջորդ կադրում տեսնում ենք, որ ակտիվ մարտական գործողությունների տարածքում վարձկաններn առաջ են շարժվում այնպես, կարծես զբոսանքի են դուրս եկել։
Տեսանյութում երևում է նաև, որ վարձկաններն ունեն ադրբեջանական զինուժին ոչ հատուկ հանդերձանք։
«Բացարձակ անտարբերություն վիրավոր զինակիցների նկատմամբ». հաջորդ կադրերում կրկին տեսնում ենք ՊԲ պնդման ապացույցները։
Վիրավորն ընկած է, թերևս օգնություն է խնդրում, զինյալը մի փոքր հեռվում կանգնում է, մի քանի բառ փոխանակում ու առաջ գնում՝ բացարձակ չմտահոգվելով զինակցի ճակատագրի մասին։
Հետգրությամբ ՊԲ-ն տեղեկացնում է, որ կադրերում երևացող բոլոր ահաբեկիչներն անխտիր ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների և կամավորականների կողմից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը