Ռուս բժիշկներն արդեն սովորել են պայքարել կորոնավիրուսի դեմ. Պուտին

Պուտինը կոչ է արել ընդլայնել կորոնավիրուսի դեմ ռուսական երկու պատվաստանյութերի արտադրությունը և ապահովել նախևառաջ տեղական շուկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուս բժիշկներն այսօր ընդհանուր առմամբ սովորել են պայքարել կորոնավիրուսային նոր վարակի դեմ, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ–ն պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել ԵԱՏՄ գործընկերներին․ Միշուստին

«Թեպետ ցավոք, նոր վարակակիրների թիվն ավելացել է, բայց մեր բժիշկներն ընդհանուր առմամբ սովորել են պայքարել կորոնավիրուսի դեմ», – ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ օգոստոսին Ռուսաստանն առաջինն աշխարհում գրանցեց COVID-19–ի դեմ պատվաստանյութ, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնն ու Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ «Սպուտնիկ V» անվանումը ստացած պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Ռուսաստանում զուգահեռաբար փորձարկվում է ևս 4 պատվաստանյութ, որոնք ստեղծել են «Վեկտոր» կենտրոնը, Չումակովի անվան ինստիտուտը, չինական Sinopharm և անգլո–շվեդական AstraZeneca ընկերությունները։

Կորոնավիրուսի դեմ ի՞նչ պատվաստանյութ կհասնի Հայաստանին. նախարարությունը քայլեր է անում

Սեպտեմբերի վերջին «Վեկտոր» կենտրոննում ավարտվեցին SARS-CoV-2–ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։  «ԷպիՎակԿորոնա» անվանումով «Վեկտորի» պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութը դարձավ։ Այն արտադրվել է SARS-CoV-2–ի վիրուսի սպիտակուցների քիմիականորեն սինթեզված պեպտիդների անտիգենների և այլ բաղադրիչների հիման վրա։ Պատվաստանյութը կենդանի թուլացած վիրուսներ կամ կորոնավիրուսի գենետիկ նյութ չի պարունակում։ Պուտինը կոչ է արել ընդլայնել կորոնավիրուսի դեմ ռուսական երկու պատվաստանյութերի արտադրությունը և նախևառաջ ապահովել տեղական շուկան։