ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն, նույնանուն հաղորդման վարող Կարին Տոնոյանի որդին` Արցախում զոհված Մենուա Հովհաննիսյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: Facebook սոցցանցի իր էջում լուրը հայտնել է Հարությունյանը։
«Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հայրենի հողը պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին…»,–գրել է Հարությունյանը։
Նրա խոսքով` Մենուա Հովհաննիսյանն անմահացավ հանուն իր երկու անչափահաս բալիկների, հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի…
Անդրադառնալով օրերս Կարին Տոնոյանի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակին, որով կինը հորդորում էր բանակցություններ վարելիս հաղթողի դիրքերից դա անել և որևէ պայմանով չհանձնել այն հողերը, որտեղ թափվել են իրենց որդիների անունները, Արցախի նախագահը խոստանում է, որ անպայման պահելու են որդեկորույս մայրերի անունից հնչեցված նրա պատգամը և թշնամուն չեն զիջելու Արցախը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը