ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել արգելելու թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումն ընդունվել է երեկ` հոկտեմբերի 20-ին, և ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:
Կառավարությունը մեկնաբանում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը նախևառաջ անվտանգային բաղադրիչ ունի` հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին:
Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով կդադարեցվի հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը` միաժամանակ կանխելով թշնամական տրամադրված երկրից հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ թուրք–ադրբեջանական ու ահաբեկչական ուժերի սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից հայաստանյան սպառողներն ու խոշոր առևտրի ցանցերն արշավ սկսեցին թուրքական ապրանքների վաճառքի դեմ։
Ի պատասխան հանրային դժգոհության ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան որոշման նախագիծ ներկայացրեց հանրային քննարկման։ Իսկ հոկտեմբերի 20-ին այն արդեն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից։
Նշենք, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։
Թուրքական ապրանքի ներմուծումը կարգելվի՞. Հայաստանի կառավարությանը նախագիծ է ներկայացվել
Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (21.6 մլն դոլար)։