Փաշինյանի խոսնակը մեկնաբանել է ՀՀ վարչապետի` խաղաղ կարգավորման վերաբերյալ դիտարկումը

Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ էր և պատրաստ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, մասնավորապես Ռուսաստանի ջանքերը։ Իսկ Ադրբեջանը հարցի լուծման ճանապարհ է համարում ռազմական ուղին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը պատրաստ է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես  Ռուսաստանի ջանքերը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը Facebook–ի իր ուղիղ միացման ժամանակ ասել էր, որ Ղարաբաղյան հիմնահարցի դիվանագիտական լուծման մասին այս փուլում խոսելն անիմաստ է։«Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Բոլոր հույսերը, առաջարկները, թե պետք է Արցախյան հիմնահարցի առնչությամբ դիվանագիտական լուծում գտնել, ըստ էության, պետք է ավարտված համարել»,–ասաց վարչապետը։

Եթե հակամարտությունը դրսից չհրահրեն, կողմերը լուծում կգտնեն. Պոմպեոն` Ղարաբաղի մասին

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ԼՂ հարցի փոխզիջումային լուծմանը, պատրաստ է նաև այժմ: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ », - ասել է Գևորգյանը։

Նրա խոսքով ՝  իսկ Ադրբեջանը հարցի լուծման հիմնական ճանապարհ է համարում ռազմական ուղին և հետևողականորեն խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները:

«Հետևաբար, հայ ժողովուրդը պետք է համախմբի իր պաշտպանական ներուժը, որպեսզի հետո դիվանագիտական ճակատում կարողանա պաշտպանել իր ձայնը։ Հայաստանը  պատրաստ էր և այժմ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը», - ասել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Ինչի՞ մասին են խոսել Մնացականյանն ու Լավրովը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը