ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բրիտանական հեղինակավոր «Ինդիփենդնթ» (The Independent) պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում, ասել է`այս պատերազմը խելահեղություն է, և քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով, և դրան հնարավոր էր հասնել, օրինակ, Կազանում։
«Տարիներ շարունակվող, ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց արձանագրած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհունակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ բոլոր դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկտորեն պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին»,– նշել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահը համաձայն չէ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը:
«Այո, 2016-ին Ալիևը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Մենք խիզախորեն պաշտպանվեցինք, չկորցրեցինք որևէ բնակավայր, և Ալիևը ստիպված էր վերահաստատելու 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կնքված զինադադարը: Այնուհետև ռազմական գործողություններից շաբաթներ հետո Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագահները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները. Եվ չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով,– ասել է Սարգսյանը:
Նա խորապես համոզված է, որ Ալիևի հետ ուղիղ բանակցությունները կոպիտ սխալ են, որովհետև Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ԼՂ անկախությանը։
«Եվ ընդհանրապես միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնորոշման իրավունքի իրացումը տեղի է ունենում միջնորդների կողմից որոշակի պարտադրանքի միջոցով: Եվ պատահական չէ, որ 2016թ. լայնածավալ ռազմական գործողություններից ամիսներ հետո` հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը իր կառավարության նիստում հայտարարեց (խոստովանեց), որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը: Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացի վերը նշված մոտեցումները անկյունաքարային են, և նաև հենց այս պատճառով երկու ժամկետ նախագահական լիազորությունների ավարտից հետո համաձայնվեցի ընտրվել ՀՀ վարչապետ, որովհետև համոզված էի, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու էր աղետալի հետևանքների: Շարունակականությունը կենսական նշանակություն ուներ»,– նշել է ՀՀ երրորդ նախագահը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները