ՌԱԴԻՈ

Համբերել և զգույշ լինել. հոգեբանը` պատերազմական իրավիճակում հայտնվածների խնդիրների մասին

Հոգեբան Իրինա Ծատուրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է պատերազմական գործողությունների ժամանակ մասնագիտական խորհրդատվության անհրաժեշտությանն ու նշել այն առանձնահատկությունները, որոնցով պետք է առաջնորդվեն մասնագետները։
Sputnik
Համբերել և զգույշ լինել. հոգեբանը` պատերազմական իրավիճակում հայտնվածների խնդիրների մասին

Արցախի մեր հայրենակիցներից յուրաքանչյուրն այսօր ունի հոգեբանական խորհրդատվության կարիք։ Նրանք թողել են իրենց տները, ունեցվածքն ու անորոշ ժամանակով տեղափոխվել Հայաստան։ Հոգեբան Իրինա Ծատուրյանի խոսքով` նրանք առաջին հերթին ունեն ուշադրության կարիք։

«Հաճախ, երբ որ դու լսողի դերում ես, իրենց համար արդեն իսկ լավ է։ Իրենց հետ պետք է մենք շատ նուրբ և զգույշ աշխատենք, որովհետև շատերն արդեն կորցրել են իրենց տներն ու միայն մեկ հագուստով տեղափոխվել այստեղ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Պատերազմի սարսափները. ինչպես են հոգեբաններն աշխատում վիրավոր զինծառայողների հետ

Ըստ մասնագետի` դեռևս վաղ է առանձնացնել տարիքային խմբերը, որոնք հոգեբանական տեսանկյունից առավել խոցելի են ռազմական դրության պայմաններում, բայց ըստ իրավիճակի` ավելի շատ հոգեբանական աջակցության կարիք ունեն զոհված և վիրավոր զինծառայողների հարազատները։

Նման դեպքերում մասնագետներն առաջնորդվում են «գթասրտության» բժշկության նորմերով, իսկ թե որքան կարող են ձգվել մասնագետի և տուժող կողմի հետ աշխատանքները, դժվար է ասել։

«Ամեն ինչ նոր է։ Հոգեբանի աշխատանքը կարող է սկսվել մի քիչ ավելի ուշ, անդամալույծ դարձած վիրավորների դեպքում նրանց խնամող մայրը պիտի վերապրի այդ կորուստը։ Նա դեռ չի ընդունել, որ իր երեխան անդամալույծ է»,- նշեց հոգեբանը։

Ծատուրյանը պատմեց նաև, որ Արցախից վերադարձած բազմանդամ ընտանիքներից մեկի դպրոցահասակ աղջիկները սկսել են հաճախել հայաստանյան դպրոցներից մեկը, սակայն նրանց 16-ամյա եղբայրը հրաժարվել է դպրոց գնալ։ Հոգեբանի հետ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ տղան անհանգստանում է սահմանում կյանքի ու մահվան կռիվ տվող հոր համար։

Միաժամանակ, ըստ Ծատուրյանի, դա չի նշանակում, որ աղջիկները, որոնք համաձայնել են դպրոց գնալ, հայրիկի համար չեն մտածում. ամեն ինչ կախված է անձի առանձնահատկություններից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները