ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Հայկական կողմը չի կարող ռազմաճակատի միջդիրքային տարածություններից հավաքել ու հուղարկավորել հակառակորդի դիերը, անգամ եթե կա համաճարակների վտանգ, քանի որ դրա համար լիարժեք անվտանգ միջավայր է պետք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մենք չենք կարող դիերին մոտենալ, քանի որ կհայտնվենք թշնամու կրակի տակ։ Այդ գործընթացը սկսելու համար մենք դրել ենք հստակ պայմաններ, ընդհուպ միջազգային դիտորդների առկայությունը»,–ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ ռազմաճակատի որոշ հատվածներում հակառակորդի անթիվ դիերի պատճառով կրիտիկական իրավիճակ է ստեղծվել, քանի որ մեծ է համաճարակների առաջացման վտանգը։
ՀՀ առողջապահության նախարարությունն իր հերթին ահազանգեց, որ ռազմական գործողությունների հետևանքով ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ ու անհնարին դարձնում պատշաճ մաքրման և ախտահանման աշխատանքների իրականացումը` նպաստավոր պայմաններ ստեղծելով աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա և այլն) առաջացման ու տարածման համար:
Ադրբեջանի գործելաոճն անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ. ՄԻՊ
Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում` հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները։
Շրջակա միջավայրի աղտոտումը, վարակիչ հիվանդություններ տարածող կրծողների բազմացումը լուրջ համաճարակային սպառնալիք է ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ հաշվի առնելով երկրների միջև ոչ մեծ հեռավորությունը, աշխարհագրական ընդհանրությունը և առավել ռիսկային գոտի համարվող Արաքս գետի առկայությունը՝ վարակը ջրային ճանապարհով մերձարաքսյան բնակավայրեր տարածման առումով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ Facebook-ի իր էջում գրեց, որ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան աղետալի է նաև շրջակա միջավայրի աղտոտման, վարակիչ հիվանդությունների զանգվածային տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից՝ բնապահպանական աղետի վերածվելու իրական սպառնալիքով: