Փարիզում հայերի բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցում. տեսանյութ

Ցուցարարները սկզբում իրենց բողոքի ձայնը բարձրացրել են Ֆրանսիայի խորհրդարանի դիմաց, ապա երթով գնացել Փարիզում Ադրբեջանի դեսպանատուն։
Sputnik

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այս պահին բազմամարդ բողոքի ակցիա է ընթանում։ Քիչ առաջ մոտ 20 հազար ցուցարար` ի աջակցություն Արցախի, հավաքվել էին Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ, լիոնաբնակ Արմինե Սարգսյան––Քեփեքյանն ասաց, որ բացի Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ապրող հայերից խաղաղ ակցիային նաև այլազգիներ են մասնակցում։ Նրանք էլ` Կիպրոսի ներկայացուցիչ–պատգամավորը, քրդական համայնքի ղեկավարը, իրենց ելույթներով դատապարտել են թուրք–ադրբեջանական ագրեսիան հայ ժողովրդի դեմ։

Աշխարհը լուռ է, աշխարհի հայերը՝ ոչ. ինչ սպասել զանգվածային բողոքի ակցիաներից

«Բացի «Ճանաչեք Արցախի անկախությունը», «Դատապարտեք թուրք–ադրբեջանական ագրեսիան» և այլ հայերեն ու ֆրանսերեն պաստառներից, կա նաև Ֆրանսիայի ԱԳ նախարարին դատապարտող պաստառ, որը նետրալ ելույթ էր ունեցել արցախյան խնդրի հետ կապված։ Ֆրանսահայ համայնքը նախագահ Մակրոնից պահանջում է ուշադրություն դարձնել նախարարաի` կողմերի մեջ հավասարություն դնող հայտարարությանը»,–ասաց Արմինե Սարգսյան–Քեփեքյանը։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հոկտեմբերի 2–ին Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ զրույցում ասել էր, որ  Ֆրանսիան պատրաստ է անկողմնակալ դերակատարություն ունենալ մարտական գործողությունների դադարեցման ու Լեռնային Ղարաբաղի հարցով երկխոսության վերականգնման գործում։ Նա զգուշացրել է, որ այդ հակամարտությունը կարող է միջազգային դառնալ։

Ցուցարարները քայերթով գնացել են Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ և իրենց բողոքի ակցիան շարունակում են այնտեղ։

Նշենք, որ բազմամարդ բողոքի ակցիան կազմակերպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: 

Լուռ բողոքի ակցիա Պրահայում. հայերն ուզում են իրենց ձայնն աշխարհին հասցնել

Հիշեցնենք` հոկտեմբերի 10–ին ևս ֆրանսահայ համայնքը բազմամարդ բողոքի ակցիա էր իրականացրել մայրաքաղաքի Հաղթական կամարի հարևանությամբ։ Իսկ արդեն հոկտեմբերի 14–ին Փարիզում կազմակերպված ակցիային իրենց մասնակցությունն էին բերել նաև աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, և նրա կինը` Քրիստինա Ազնավուրը։

Ինչպես են աշխարհասփյուռ հայերը պայքարում թուրք–ադրբեջանական ագրեսիայի դեմ. լուսանկարներ