ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը: Տեղեկությունը հայտնում է նրա որդին` Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Սրտի կսկիծով պետք է տեղեկացնենք, որ մեր հայրիկը` Վանիկ Վարազդատի Մկրտչյանը այսօր իր կյանքի 70 տարում անսպասելիորեն լքեց մեզ։ Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացնենք հավելյալ»,- Facebook-ի իր էջում գրել է նա:
Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950 թ–ին Արթիկում: 1978 թվականից աշխատել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, միաժամանակ 2008 թվականից` Երևանի պետական Համազգային թատրոնում: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Խաղացել է նաև տարբեր հեռուստասերիալներում։
2011թ–ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Վանիկ Մկրտչյանի մյուս որդին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն է։
«Մեր սև հովազը էլ չկա». ԲՀԿ–ական Ռուստամ Գասպարյանը մահացել է