Նախիջևանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել. ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական սուտը

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ Ադրբեջանի այս քայլը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը»,–գրել է նա։

Կարմիր շուկան շարունակել են թիրախավորել. ևս մեկ խաղաղ բնակիչ է զոհվել

Նշենք, որ այսօր ադրբեջանական կողմը լուր տարածեց, թե իբր հայկական ԶՈւ–ն հրթիռակոծել է Նախիջևանի Օրդուբադ շրջանը։

Իսկ ադրբեջանական ԶՈւ–ն, խախտելեվ հումանիտար հրադադարը, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը` հատկապես լուսադեմին, հրետանու կիրառմամբ ինտենսիվ  կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 09:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը