Մեզ վրա եկել են պատերազմով, մենք պարտավոր ենք պաշտպանվել. Պարգև սրբազանի հորդորը

Արցախի թեմի առաջնորդը հորդորում է չընկճվել, չկասկածել ու հույսով, հավատով և միաբանությամբ սատար կանգնել հայոց բանակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանցու կռիվը հայի դեմ երբեք էլ կրոնական չի եղել, Արցախում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Ամենափրկիչ խաչը. Շուշիի չխոնարհված եկեղեցին գնդակոծություններից հետո

«Ոչ մի կրոնական բան չկա ու չի եղել, ի սկզբանե կռիվը եղել է հայի դեմ, ոչ թե քրիստոնյայի։ Այսօր էլ Էրդողանը նեոօսմանական գաղափարախոսության առաջամարտիկ է, ուզում է Հյուսիսային Աֆրիկայից մինչև Չինաստան ընդլայնել իր տարածքները ու չի թաքցնում իր երազանքները։ Դա է, կրոնը այս կռվում ոչ մի կապ չունի», – ասում է Պարգև սրբազանը։

Թուրքիայի նախագահը հարմար առիթ գտավ. օգտվելով Բելոռուսում ստեղծված քաղաքական խառնաշփոթից և Վրաստանում իր մեծ ազդեցությունից` որոշեց Ռուսաստանից ռևանշ վերցնել և մտնել Հարավային Կովկաս, ասում է սրբազանը։

«Մեզ համար սա անսպասելի պատերազմ չէր, մենք միշտ էլ գիտեինք, որ Ադրբեջանը ուզում է զենքի ուժով լուծել հարցը և Արցախը առանց հայի թողնել։ Այս անգամ տարբերությունը միայն Թուրքիայի աջակցությունն էր Ադրբեջանին։ Թուրքական ինքնաթիռը մտնում է Հայաստանի տարածք, թուրքական անօդաչուներ են հարվածում մեր քաղաքներին, թուրք սպաները ղեկավարում են պատերազմի ընթացքը։ Մեր խնդիրը պարզ է` մեզ վրա եկել են պատերազմով, մենք պարտավոր ենք պաշտպանվել», – ասում է Արցախի թեմի առաջնորդը։

Արցախի թեմի առաջնորդը հորդորում է չընկճվել, չկասկածել ու հույսով, հավատով և միաբանությամբ սատար կանգնել հայոց բանակին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Դաժան պատերազմ է Ադրբեջանը սկսել մեր դեմ». Պարգև սրբազան

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում