Կարմիր շուկան շարունակել են թիրախավորել. ևս մեկ խաղաղ բնակիչ է զոհվել

Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ խաղաղ բնակչության շրջանում ընդհանուր առմամբ 34 զոհ կա արդեն, ինչպես նաև երկու գերի է գնդակահարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակչությանը։

«Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Մարտունու Կարմիր շուկա համայնքը` այնտեղ կիրառելով «Սմերչ» կասետային ռումբ։ Արդյունքում ևս մեկ մարդ է զոհվել։ Կա նաև մեկ վիրավոր»,–Twitter–ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Նա հայտնել է նաև, որ խաղաղ բնակչության շրջանում ընդհանուր առմամբ 34 զոհ կա արդեն իսկ, ինչպես նաև երկու գերի է գնդակահարվել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը` հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ  կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Ցանկալի է, որ Ղարաբաղի ավերածությունները տեսնեն նաև դիվանագետները. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 15–ին, թշնամին «Սմերչով» հրթիռակոծել էր Մարտունու Կարմիր շուկա համայնքը։ Կրակից վնասվել էր բնակիչներից մեկի ավտոմեքենան, իսկ վարորդը մահացել էր։ Կարմիր շուկան երեկ թիրախավորելու արդյունքում, փաստորեն, քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել է 2 զոհ։