ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտության հարցում հնդիկները հայերին են աջակցում, գրում է հնդկական The Indian Express պարբերականը։
Պարբերականը նշում է, որ Երևանի Մ․ Հերացու անվան Բժշկական համալսարանում սովորող հնդիկ ուսանողները հայ զինծառայողների համար նյութական օգնություն են հավաքում։
ԵՊԲՀ-ի ուսանող 21-ամյա Սանջայ Յադավը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ այդկերպ ինքն ու ընկերները արտահայտել են իրենց զորակցությունը Հայաստանի քաղաքացիներին։ «Հայաստանը մեր երկրորդ տունն է։ Մենք այստեղ մեզ լավ ենք զգում, ընկերներ ունենք։ Հայերի հետ մեզ լավ հարաբերություններ են կապում»,-բացատրել է Սանջայը։
Ուսանողներից բացի Երևանում նաև հնդիկ գործարարներ են բնակվում, որոնք նույնպես հայերին աջակցում են, ինչով կարող են։ Այսպես, «Մեխակ» հնդկական ռեստորանի կառավարիչ 47-ամյա Փարվեզ Ալի Խանը և նրա աշխատակիցներն Արցախից տեղափոխված հայերի համար անվճար ուտելիք են պատրաստում և առաքում։
«Երբ երկար ժամանակ մի երկրում ես ապրում, քեզ դրա մի մասն ես զգում»,-իր գործողություններն այսպես է մեկնաբանել հնդիկ գործարարը։
48-ամյա Պրագնեշ Շախը Երևանում գտնվող ոսկերչական խանութի սեփականատերն է և համակարգում է «Հայ-հնդկական բարեկամության ընկերակցությունը»։ Կազմակերպությունը ռազմաճակատի համար հումանիտար օգնություն է հավաքում։ Իսկ Շախի կինը՝ Դիփալին, հայ զինվորների համար մաղաջ է պատրաստում՝ նուշի ալյուրից, կաթից և շաքարից պատրաստվող քաղցրավենիք։
«Հայերին դուր է գալիս հնդկական ուտելիքը, այդ թվում՝ մաղաջը։ Առաջ ես այն պատրաստում էի մեր հայ ընկերների համար։ Այդ պատճառով էլ որոշեցի պատրաստել նաև զինվորների համար, այն նրանց ուժ կտա»,-պատմում է Դիփալին։
Արցախցի կանայք և երեխաները լուռ ակցիա են արել ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանատների առջև
Պրագնեշ Շախի շատ հնդիկ ընկերներ և ծանոթներ, որոնք նախկինում այցելել են Հայաստան, նրան հարցրել են, թե ինչպես կարող են աջակցել մեր երկրին։
«Ես մի ընկեր ունեմ, որը երեք տարի Հայաստանում հինդի էր դասավանդում, նաև յոգայի մարզիչ կար, որը Հայաստանում կես տարի է անցկացրել։ Նրանք բոլորը նվիրատվություն են կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Սա մի երկիր է, որին անհնար է չսիրահարվել»,-ասում է Շախը։
Սակայն Հայաստանին աջակցություն են հայտնում նաև այն հնդիկները, որոնք երբևէ ոչ մի կապ չեն ունեցել մեր երկրի հետ։ Նրանք սոցիալական ցանցերը լցրել են #IndiasupportArmenia, #IndiaStandsWithArmenia և #IndiansWithArmenia հեշթեգներով(Հնդկաստանն աջակցում է Հայաստանին, Հնդկաստանը Հայաստանի կողմից է, Հնդիկները Հայաստանի հետ են)։
Հայաստանում և Վրաստանում 2009-2012թթ․ Հնդկաստանի դեսպան Աչալ Մալխոտրան պարբերականին տված հարցազրույցում հայերի հանդեպ հնդիկների համակրանքը բացատրել է պատմությամբ և ադրբեջանցիների հանդեպ հակակրանքով։
«Հնդկաստանի հայ համայնքը ձևավորվել է 8-րդ դարի վերջում, իսկ Կալկաթա քաղաքի զարգացումը պատմաբանները կապում են հենց տեղացի հայերի գործունեության հետ։ Բացի այդ, Ադրբեջանը բացահայտ աջակցում է Պակիստանի գործողություններին»,-ասել է Մալխոտրան` հիշեցնելով Քաշմիրի պատճառով Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության մասին։
Չնայած թե՛ բուն Հնդկաստանում, թե՛ Հայաստանում բազմաթիվ հնդիկներ աջակցում են Հայաստանին, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղում պատերազմի նկատմամբ հավասարակշռված և չեզոք դիրք է գրավել։ Հնդկաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է․ «Հնդկաստանին անհանգստացնում է իրավիճակը, որը սպառնում է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Մենք դարձյալ կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, զսպվածություն ցուցաբերել և սահմանին խաղաղությունը պահպանելու համար քայլեր ձեռնարկել»։
Իսպանիայի պատգամավորներն ու սենատորները հանդես են եկել Արցախի միջազգային ճանաչման օգտին
Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում սովորում է Հնդկաստանի մոտ 4000 քաղաքացի։ 2019 թ․-ին ԵՊԲՀ-ն հաղթող է ճանաչվել Դելիում կայացած «Կրթության գերազանցություն, համաշխարհային ընտրություն» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում: Բացի այդ, Հայաստանում մոտ 100 հնդիկ ընտանիք է բնակվում։