«Քաթար էյրվեյզը» չեղարկել է ԱՄՆ-ից հումանիտար բեռ փոխադրող չվերթն առանց հիմնավոր պատճառի

Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, սակայն Թուրքիան խոչընդոտում է հումանիտար բեռի փոխադրումը Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան այսօր նախատեսված չվերթը չի կայանալու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ շեշտելով, որ չեղարկման առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել:

Միներալնիե Վոդի քաղաքի հայ համայնքը հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան

Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է՝ նախատեսված արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար:

Ավիաչվերթի չեղարկման մասին ավիաընկերությունը քաղաքավիացիայի կոմիտեին տեղեկացրել է միայն երեկ՝ հոկտեմբերի 14-ին: Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, սակայն Թուրքիան խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի խոսքով՝ այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի կամ Վրաստանի տարածքով օդանավի նոր թռիչքուղու կազմակերպումը ժամերի հարց է, ուստի ավիաընկերությունը պարտավոր է գտնել այլ ճանապարհներ՝ հումանիտար բեռը տեղափոխելու համար: Միաժամանակ, Ռևազյանը նշում է, որ հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ «Քաթար էյրվեյզն» այդ բեռը չի կարողանալու տեղափոխել:

Հայաստանը մեր օգնության կարիքն ունի. Քորթնի Քարդաշյանը և Անժելա Սարաֆյանը կոչ են անում

«Հիմքեր ունենք նաեւ պնդելու, որ Թուրքիան միտումնավոր է փակել օդային ճանապարհը: Առաջին անգամ չէ, որ Թուրքիան խոչընդոտում է դեպի Հայաստան բեռնափոխադրումները: Այդ երկիրը դեռեւս պատերազմից առաջ սկսեց խոչընդոտներ ստեղծել՝ ավիաընկերություններից պահանջելով բեռների մանրամասն ցանկն իր օդային տարածքով անցնելիս: Չնայած օդային տարածքի տրամադրումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է, սակայն միջազգային պրակտիկայի համաձայն, տվյալներ պահանջում են միայն վտանգավոր բեռների մասին՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար (Չիկագոյի կոնվենցիա, հոդված 5): Այս բեռն, ընդ որում, զննման փուլն անցել էր»,- նշել է Տաթևիկ Ռևազյանը:

Դեպքի առնչությամբ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել է աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը՝ «EUROCONTROL»-ին:

Դեղորայք, քնապարկեր... Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն

Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ այս օրերին դեպի Հայաստան բեռնափոխադրումներ են իրականացվել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՌԴ-ից:

Բեռների փոխադրումը հիմնականում իրականացվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և հայկական ավիափոխադրողների համագործակցությամբ: Ընդ որում, ավիաընկերությունները դա անում են ոչ առևտրային հիմունքներով: