ՀԱՊԿ-ում ակտիվ քննարկում են խաղաղապահների հարցը. Զասը` Ղարաբաղի մասին

ՀՀ վարչապետի ուղերձը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները ներկայացվել են ՀԱՊԿ մշտական խորհրդին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է կազմակերպությունում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։

«Ակտիվ քննարկվում է այդ տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղ) խաղաղապահության թեման», – ասել է գլխավոր քարտուղարը:

Զասը հայտնել է նաև, որ պետության ղեկավարի հետ հանգամանորեն զրուցել է ՀԱՊԿ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։ Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, Ղրղզստանին ու Բելառուսին։

Ղարաբաղում ռուս խաղաղապահներ մտցնելու առաջարկը բնական է․ Զատուլին

«Բելտա» գործակալության հաղորդմամբ` կազմակերպությունում էլ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումից հետո ՀԱՊԿ մշտական աշխատանքային մարմինները հայկական կողմից պաշտոնական դիմումներ չեն ստացել: Միևնույն ժամանակ ՀԱՊԿ մշտական խորհրդին են ներկայացվել ՀՀ վարչապետի ուղերձը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները:

Ավելի վաղ գլխավոր քարտուղարն արդեն անհանգստություն էր հայտնել հակամարտության սրման կապակցությամբ։ ՀԱՊԿ–ը հակամարտության կողմերին կոչ էր արել հասնել խաղաղ կարգավորման և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից:

Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, կազմակերպության բարձրագույն մարմինն է: Խորհրդի կազմում ընդգրկված են անդամ պետությունների ղեկավարները։ Նիստերին կարող են մասնակցել արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավտովը Sputnik ռադիոկայանին և այլ ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել էր, որ Ղարաբաղում պետք է լինեն ռուս դիտորդներ, սակայն վերջին խոսքը հակամարտության կողմերինն է: