Էդվարդ Նալբանդյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի

ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (2008-2018 թթ․) Sputnik Արմենիային տրամադրել է իր հեղինակային հոդվածն այն մասին, թե այս տարիների ընթացքում ինչպես է ընթացել բանակցային գործընթացը։ Հրապարակվում է սկզբնական տեսքով։
Sputnik

Բանակցային գործընթացում Ադրբեջանը տարիներ շարունակ մաքսիմալիստական մոտեցում է ունեցել։ Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կիսում էին Բաքվի նման մոտեցումը։ Իհարկե ոչ։

Ինչ է եղել 2008-2018թթ․ բանակցային գործընթացի ժամանակ

Համանախագահների կողմից առաջարկված և բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցված, փուլային իրագործմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում Արցախի բնակչության միջազգային-իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտումն արտացոլող քվեարկության միջոցով։ Միաժամանակ արձանագրվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը որևէ կերպ սահմանափակված չի լինի և կենթադրի ցանկացած կարգավիճակ ընտրելու հնարավորություն։ Հայկական կողմն այս ամբողջ ընթացքում չի քննարկել հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չէր նախատեսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայեցակարգային փոփոխություններ են տեղի ունեցել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լ'Աքվիլայում (2009), Մուսկոկայում (2010), Դովիլում (2011), Լոս Կաբոսում (2012) և Էնիսկիլենում (2013) ընդունված հայտարարությունները՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման կարևոր հիմք, հստակ ամրագրեցին ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչը տարիներ շարունակ եղել է Երևանի դիրքորոշման անկյունաքարը:

Այդ հայտարարություններում ընդգծվում է այն, ինչը նախատեսված է եղել համանախագահների կողմից առաջարկված բոլոր աշխատանքային փաստաթղթերում․ Արցախի կարգավիճակը պետք է վճռվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով։

Միջազգային հանրությունն իր աջակցությունը հայտնեց այս դիրքորոշմանը, որով Հայաստանը հանդես էր գալիս տարիներ շարունակ։

Եթե Ադրբեջանը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միմիայն տարածքային ամբողջականության վրա, ապա միջազգային հանրությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Հանրապետության միջոցով հայտարարում էր, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների եռամիասնությամբ․ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա , ընդ որում՝ այդ սկզբունքներից մեկին առաջնահերթություն տալու փորձերը կխոչընդոտեն կարգավորման գործընթացը։

Բանակցությունների ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007թ. նոյեմբերին՝ Մադրիդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներում կատարվել են ավելի քան երեք տասնյակից ավելի էական փոփոխություններ:

Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ համապարփակ և երկարաժամկետ կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։ Եվ այդ դրույթն արտացոլվեց բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։

Ինչու է բացառված Թուրքիայի առաջարկը` բանակցությունների քառակողմ ձևաչափ ստեղծելու մասին

Հրաժարվելով համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման բոլոր աշխատանքային փաստաթղթերից՝ Ադրբեջանը փաստացի հակադրվեց ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին։

I․ 2008թ․-ի ապրիլից մինչև 2008թ․-ի նոյեմբերի 2-ը, երբ ընդունվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մայնդորֆյան հռչակագիրը, Բաքուն փաստացի հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Հիմնարար սկզբունքների» հիման վրա։

II․ 2008թ․-ի դեկտեմբերից մինչև 2011թ․-ի հունիսի 24-ը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը Կազանում) կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններ էին վարում «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման շուրջ։  Կայացան նախագահների 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) հանդիպումներ, արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպումներ:

Ադրբեջանն ամեն անգամ ձեռք բերված պայմանավորվածություններից հետքայլ էր կատարում։ Կիզակետը դարձավ Կազանի գագաթնաժողովը, երբ, հակառակ միջնորդների ակնկալիքների, Ադրբեջանը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջ քաշելով 12 փոփոխություն։

III․ Սկսած 2011թ․-ի հուլիսից (երբ Սերգեյ Լավրովն այցելեց Երևան ու Բաքու) մինչև 2012թ․-ի հունվարի 23-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը, ռուսական կողմն ու համանախագահները փորձում էին համոզել կողմերին շարունակել բանակցային գործընթացը, վերադարձնել այն կառուցողական հուն՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում պարունակվող դրույթների հիման վրա: Սակայն դրանից ևս Ադրբեջանը հրաժարվեց։

ԵՄ-ն կոչ է անում անհապաղ ձեռնամուխ լինել առարկայական բանակցությունների

IV․ 2012-13թթ․։  Չնայած համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բազում կոչերին՝ շարունակել, արագացնել և ավարտել «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, Ադրբեջանը մերժեց համանախագահների առաջարկած բոլոր տարբերակները հայտարարելով, որ դրանց համաձայնեցումն անիմաստ է, և առաջարկեց անմիջապես անցնել խաղաղ համաձայնագրի մշակմանը։ Համանախագահները և հայկական կողմը կասկած հայտնեցին, որ հնարավոր է համաձայնագիր մշակել, երբ կարգավորման հիմնարար սկզբունքներն անգամ չի հաջողվում համաձայնեցնել։

Աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները ներկայացրել էին կողմերին 2007 թ. նոյեմբերից մինչև 2011 թ. հունիսը (որպես հակամարտության կարգավորման առաջին քայլ՝ այն նպատակով, որ դրանց համաձայնեցումից հետո այդ հիմքի վրա կմշակվի խաղաղության համաձայնագիր, որն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ կունենա), փոխանցվել են ի պահ Վիեննա՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։

V․ 2014թ․-ի մարտից մինչև 2016թ․-ը Ռուսաստանն ու համանախագահները փորձում էին շարունակել կարգավորմանն ուղղված ջանքերը՝ «բարձրաձայն մտորումների միջոցով»։ Կազանի գագաթնաժողովում քննարկվող «Հիմնարար սկզբունքների» նախագծից հետո բանակցային սեղանին չի եղել աշխատանքային փաստաթուղթ որպես բանակցությունների առարկա։

ԵԱՀԿ-ին ի պահ հանձնված վերջին փաստաթուղթը եղել է Կազանի փաստաթուղթը։ Պատահական չէ, որ Ս․ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ «ոչ մի փաստաթուղթ, բացի ԵԱՀԿ-ում ի պահ տրված փաստաթղթերից, գոյություն չունի։ «Ոչ մի Լավրովի փաստաթուղթ կամ մեկ ուրիշի փաստաթուղթ գոյություն չունի … բարձրաձայն մտորումներ, գաղափարների փոխանակում է տեղի ունենում ․․․»,  (Ս․ Լավրովի հայտարարություն  2016թ․-ի հոկտեմբերի 27)։ Սակայն լուծումներ գտնելու առաջարկված գաղափարները ևս Ադրբեջանը հրաժարվեց ընդունել:

Մեկնարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները Ադրբեջանի հետ. ԶԼՄ

(Ըստ ամենայնի, նոր աշխատանքային փաստաթուղթ կարելի է համարել Ս․ Լավրովի հիշատակած (2020թ․-ի ապրիլի 21-ի հայտարարություն) փաստաթուղթը, որը 2019թ․-ի ապրիլին փոխանցվել  է կողմերին և որը, նրա խոսքով, այդ ժամանակից ի վեր բանակցությունների առարկա է դարձել։ Բացառված չէ, որ դրանից հետո նաև այլ  մոդիֆիկացիաներ են առաջարկվել)։

VI․ 2016թ․ ապրիլ – 2018թ․ ապրիլ։ Ձախողվելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում՝ Ադրբեջանը 2016թ. ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ փորձելով ուժային մեթոդներով պարտադրել իր մոտեցումները բանակցություններում։

Մարտական գործողությունների մեկնարկից երեք ու կես օր անց՝ ապրիլի 5-ին, Մոսկվայում բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հիման վրա հրադադարի ռեժիմի վերականգնման մասին, որից հետո համանախագահները մի քանի հայտարարություն արեցին այդ համաձայնագրերի անվերապահ պահպանման անհրաժեշտության մասին:

Բաքուն չկարողացավ հասնել իր առջև դրված ոչ ռազմական, ոչ էլ քաղաքական նպատակներին։ Դա են հաստատում Վիեննայում (2016թ․ մայիսի 16), Սանկտ-Պետերբուրգում(2016թ․-ի հունիսի 20-ին) կայացած գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև դրան հետևած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարների Համատեղ Հայտարարությունները՝ ընդունված ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդների շրջանակում 2016թ․-ի դեկտեմբերին և Վիեննայում՝ 2017թ․-ի դեկտեմբերին։

VII․ 1․ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունները, որոնք 2008-2017թթ․ ընթացքում արել են համանախագահ երկրների արտգործնախարարները ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդների շրջանակներում Հելսինկիում (2008), Աթենքում (2009), Ալմաթիում (2010), Վիլնյուսում (2011), Դուբլինում (2012), Կիևում (2013), Բազելում (2014), Բելգրադում (2015), Համբուրգում (2016), Վիեննայում (2017)։  Հայաստանը նաև ողջունել է 2010 թ. Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը: Բաքուն կա՛մ հրաժարվել է ընդունել այդ հայտարարությունները, կա՛մ հետագայում հետքայլ է արել։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում զոհերի մարմինները հանելու համար դադարեցնել կրակը

2․ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է որպես բանակցային հիմք ընդունել համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի մասին, որոնք արվել էին Լ’Աքվիլայում (2009թ․ մայիսի 10), Մուսկոկаюում (2010թ․ հունիսի 26-ին), Դովիլում (2011թ․ մայիսի 26-ին), Լոս Կաբոսում (2012թ․ հունիսի 19-ին), Էնիսկիլենում (2013թ․-ի հունիսի 18-ին)։

Ադրբեջանը կարգավորման մոտեցումներում իրեն հակադրեց ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը։

3. Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է Սանկտ-Պետերբուրգում (2010 թ. հունիսի 17), Աստրախանում (2010 թ. հոկտեմբերի 27), Սոչիում (2011 թ. մարտի 3), Կազանում (2011 թ. հունիսի 24), Սոչիում (2012 թ. հունվարի 23), Վիեննայում (2016 թ. մայիսի 16) ու Սանկտ-Պետերբուրգում (2016 թ. մայիսի 16) նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից։

4․ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներից․

-սահմանից և շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ  

-միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ

-ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ

- հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման պարտավորության վերահաստատման վերաբերյալ

- հրադադարի և դրա ամրապնդման 1994-1995 թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման վերաբերյալ

- համանախագահների կողմից առաջարկված կարգավորման երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին հավատարմության վերահաստատման վերաբերյալ։

Առաջին անգամ կարգավորման երեք սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքը, հայկական դիվանագիտության ջանքերով երեք համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարությունում ներառվեցին 2009թ․-ի դեկտեմբերին Աթենքում, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում (այսինքն՝ երեք սկզբունքների տակ ստորագրեց նաև Ադրբեջանը), բայց հետագայում Բաքուն հրաժարվեց դրանից։

ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վերջին տարիների ընթացքում իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են հակամարտության կարգավորման կարևորությունը հենց այդ երեք սկզբունքների հիման վրա։

Իլհամ Ալիևը Ադրբեջանի կառավարության 2016 թ․-ի հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարեց, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի նրանից Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ համաձայնություն ստանան: Չկարողանալով բանակցային գործընթացի շրջանակներում պարտադրել իր մաքսիմալիստական մոտեցումները՝ Ադրբեջանը սկսեց կտրուկ քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և բանակցությունների ձևաչափը փոխելու ջանքեր գործադրել։

Միջազգային հանրությունը և Հայաստանը սկսեցին խոսել գրեթե միևնույն լեզվով. խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը,  հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի:

Հենց այս վերոնշյալն է 2018թ․-ի ապրիլից հետո «ժառանգություն թողնվել»՝ բանակցությունները շարունակելու համար։

Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ սանձազերծված լայնածավալ պատերազմը՝ տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապ ունեցող վարձկանների ներգրավմամբ, հարված է հասցնում խաղաղ կարգավորմանը, ապտակ է համանախագահ երկրների ջանքերին, լուրջ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։

Որևէ կասկած չկա, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել Արցախի դեմ նոր պատերազմը։ Համանախագահող երկրները չպետք է Բաքվին թույլ տան ուժային մեթոդներով պարտադրել կարգավորման գործընթացում իրենց մոտեցումները, ինչը հակասում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտնի հայտարարություններին (2009, 2010, 2011, 2012, 2013, 2020թթ․)՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Բեռլինը Երևանին ու Բաքվին հորդորում է Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցություններ սկսել

Միջազգային հանրության առաջնային խնդիրը աջակցությունն է Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ ուղղված հրադադարի վերականգնմանն ու ամրապնդմանը, բանակցային գործընթացի վերսկսման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հաստատուն, արդյունավետ փոխգործակցության շնորհիվ 2008-2018 թթ. մշակվել էր պատկառելի հիմք, որտեղ ամրագրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ մոտեցումը:

Կարևոր է շարունակել ջանքերը՝ պահպանելու, ամրապնդելու և  կատարելագործելու համար այն ամենը, ինչ մշակվել է այս տարիների ընթացքում բանակցային գործընթացում, որպեսզի խաղաղ կարգավորումն իրականություն դառնա: