«Տրամադրությունը մարտական է, բոլորս էլ ձիգ ենք»․ ինչպես են անցնում պահեստազորի մարզումները

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը` դասընթացները կարճաժամկետ են, բայց հագեցած ցերեկային և գիշերային գործնական պարապունքներով։
Sputnik

Արցախյան ռազմաճակատ մեկնելուց առաջ պահեստազորը մարզումներ է անցկացնում։ «Զինուժ մեդիան» հերթական տեսանյութն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են անցնում տարբեր տարիներին իրենց ծառայությունն ավարտած, բայց հայրենիքի կանչով զինված ուժերի շարքերը համալրող մեր քաղաքացիների պարապմունքները։

Զորահավաքի մասնակիցներին հրամանատարներն ու հրահանգիչ սպաները ևս մեկ անգամ հիշեցնում են, թե մարտի դաշտում տարբեր իրավիճակներում ինչպես պետք է գործեն ու ոչնչացնեն հակառակորդին։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

«Տրամադրությունը մարտական է, բոլորս էլ ձիգ ենք ու պատրաստակամ ենք գնալ առաջնագիծ»,-ասում է զորահավաքի մասնակիցներից մեկը։

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը` դասընթացները կարճաժամկետ են, բայց հագեցած ցերեկային և գիշերային գործնական պարապունքներով։ Բոլորն էլ ժամկետային ծառայություն անցած ու փորձառու մարտիկներ են ու լավ են գիտակցում, որ ժամանակը սուղ է, պահը՝ օրհասական, ուստի պետք է արագ վերհիշել զինվորական հմտություններն ու պատրաստ լինել կատարելու ցանկացած մարտական խնդիր։

Դե իսկ վերջում տղաները չեն մոռանում իրենց բաղձալի նպատակի մասին․ վստահ են՝ հաղթելու ենք։

Նշենք, որ այսօր ՊԲ–ն տեղեկացրեց, որ այսօր առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում։ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո