ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած եռակողմ, 11-ժամյա բանակցությունները եզակի է համարում։ Ավելին, Sputnik և այլ ռադիոկայաններին տված հարցազրույցում նա տեղեկացրեց նաև, որ այդ ընթացքում երկու անգամ բանակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Վճռական որոշման մեջ իր ներդրումն է ունեցել ՌԴ նախագահը, քանի որ գիշերը մենք նրա հետ երկու անգամ զրուցել ենք», - ասել է Լավրովը։
Բացի այդ, բանակցություններին միացել էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, քանի որ պարզ դարձավ, որ հրադադարի համաձայնության իրագործումը լիարժեք չի կատարվի, եթե կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմներ չլինեն:
Լավրով նաև նշել է, որ վերջին օրերին ինքը մի քանի անգամ շփվել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Ինչպես նաև Շոյգուն. նա էլ շփվում էր պաշտպանության նախարարների հետ։ ՌԴ նախագահն էլ խոսել է հակամարտող կողմերի առաջնորդների հետ։
Ինչպես պետք է ընթանա Ղարաբաղի կարգավորման գործընթացը. Լավրովը հիշեցրել է առաջարկները
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:
«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը