ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնում է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈն–ն իրենց տրամադրության տակ եղած միջոցներով և Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը»,–նշված է ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` հոկտեմբերի 14-ին, ադրբեջանական զինուժը թիրախավորել է Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե իբր այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։