Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում փակ հանդիպում է ունեցել ռուս փորձագետների հետ

Մնացականյանը քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողություններում ներգրավելու միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունում փակ հանդիպում-քննարկում է ունեցել ռուս փորձագետների և քաղաքագետների հետ: ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկման առանցքում եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Ռազմական կարգավորումն ապագա չունի, դա աղետ է բոլորի համար. Մնացականյան

Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմի վարման ոչ իրավաչափ մեթոդների վրա, որոնք ուղեկցվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործելաոճին, որով փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել հավասարակշռությունը և անվտանգային ընկալումները:

Այս համատեքստում նախարար Մնացականյանը քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողություններում ներգրավելու միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա:

Հիշեցնենք` հոկտեմբերի 12-ին Զոհրաբ Մնացականյանն Մոսկվայում հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Դռնփակ հանդիպումից առաջ և հետո արտգործնախարարները հանդես էին եկել հրապարակային հայտարարություններով, իսկ հանդիպման ավարտին պատասխանել լրագրողների հարցերին։

ՌԴ մայրաքաղաքում հանդիպում է նախատեսված նաև  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի հետ։

ՌԴ–ն ու Հայաստանը հավատարիմ են մնում զինադադարի պայմանավորվածությանը. Լավրով