Խաղողագործները խախտում են հերթերն ու խնդիրներ ստեղծում. նախարարը հետևել է մթերման ընթացքին

Տիգրան Խաչատրյանը տեղեկացել է, որ Արարատի մարզում մթերումների ընթացքում էական խոչընդոտներ չեն արձանագրվել, նկատվում են որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն Արարատի մարզում հետևել է խաղողի մթերման գործընթացին:

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը` փոխնախարար Արման Խոջոյանի ուղեկցությամբ, այցելել է Արարատի մարզի մի շարք վերամշակող գործարաններ, ծանոթացել մթերման ընթացքին, զրուցել համայնքների ղեկավարների հետ։

Վիրուսից ուժեղ են. հայկական միրգն ու բանջարեղենը չտուժեցին ադրբեջանական բոյկոտից

«Զրույցի ընթացքում բոլորն արձանագրել են, որ այս տարի խաղողի բերքն առնվազն 25-30% ավելացել է։ Այնուամենայնիվ, խաղողագործները բերքահավաքը վաղաժամ են իրականացնում և, հերթերը խախտելով, հավելյալ խոչընդոտներ ստեղծում խաղողի ընդունման ընթացքում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Շրջայցի ընթացքում Տիգրան Խաչատրյանը տեղեկացել է, որ Արարատի մարզում մթերումների ընթացքում էական խոչընդոտներ չեն արձանագրվել, նկատվում են որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։

Նշենք, որ մասնագետների հաշվարկով` այս տարի խաղողի բերքը Հայաստանում բավական շատ է և գերազանցում է նախորդ մի քանի տարիների ստացված բերքի ծավալները։

Համեմատության համար նշենք, որ 2019-ին մթերման ծավալը կազմել է շուրջ 160 000 տոննա։

Հայաստանում հնարավո՞ր է ապրել խաղողագործությամբ. փորձագետների կարծիքները տարբեր են

Հիշեցնենք` կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառմամբ ՀՀ կառավարությունը որոշել է աջակցել խաղողի մթերմամբ, գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին` սուբսիդավորելով նրանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։

Վարկի առավելագույն չափ է սահմանվում 3 մլրդ դրամը, որը կարող է մարվել 24 ամսում։

Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, գինու ու կոնյակի իրացման ծավալների անկումը կորոնավիրուսի համավարակի հետևանքով գերազանցել է 30 տոկոսը, ինչի հետևանքով բանկերը սկսել են ավելի բարձր տոկոսներով ու ավելի զգուշավորությամբ վարկեր տրամադրել այդ ոլորտի ընկերություններին։