Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել

Հիվանդությունը սահմաններ չի ճանաչում, եթե անվտանգության կանոնները չպահպանվեն, այն կարող է մեր զինվորին հասնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Վերջին 14 օրերի ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի գրեթե 113 տոկոս աճ է գրանցվել։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։

Կորոնավիրուսի դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա. բժիշկները պայքարում են երկու դաշտում

«Բոլորիս պատճառները պարզ են։ Ելնելով ռազմական դրությունից՝ բնակչության ուշադրությունը սևեռվել է դեպի արտաքին թշնամին, սակայն մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի, որն ուղղակիորեն մեր թիկունքը թուլացնում է»,- նշեց Աբովյանը՝ ընդգծելով, որ սրա պատճառն անվտանգության երեք պարզ կանոնների չպահպանումն է։

Այս օրերին ամբողջ ժողովուրդը ոտքի է կանգնել թշնամու դեմ պայքարում, կազմվում են կամավորական ջոկատներ ռազմաճակատ մեկնելու, նաև առաջնագծին և արցախցիներին օգնություն հասցնելու համար։ Սակայն մարդկային կուտակումների ընթացքում անվտանգության կանոնները չեն պահպանվում։

«Հիվանդությունը կարող է տարածվել, այն սահմաններ չի ճանաչում և հասնել սահմանին կանգնած մեր զինվորին, թուլացնել նրա կամքն ու առողջությունը»,- նշեց Աբովյանն՝ ընդգծելով, որ սա զգոնության կոչ է։

Առողջապահության նախարարությունը ահազանգում է` կորոնավիրուսը կարող է վնասել մեր զինվորներին

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել: