ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բողոքի ակցիա են անցկացրել իտալահայ համայնքի ներկայացուցիչները՝ ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի։ Տեղեկությունը հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
Ցույցի մասնակիցները Հռոմ էին եկել Իտալիայի տարբեր քաղաքներից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական դրոշներով և պաստառներով՝ «Հայերն ընդդեմ թուրքերի և ադրբեջանցիների ահաբեկչության», «Հայաստանը խաղաղություն է ուզում»։
Բողոքի ցույցին մասնակցում էին ոչ միայն հայեր, այլև իտալացիներ։ «Լեգա» կուսակցության առաջնորդ, սենատոր Մատեո Սալվինին դիմել է Եվրամիության երկրներին՝ կոչ անելով պաշտպանել հայերին։ Իտալիայում ՀՀ դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում ներկայացրել է Սալվինիի հայտարարությունը։
«Չպետք է մոռանանք այն տառապանքներն ու ավերածությունը, որն ապրում է մեզ մտերիմ ժողովուրդը, և որի մասին շատ քիչ է խոսվում: Այսօր Հռոմում ես իմ և Լեգայի աջակցությունն եմ հայտնում հայերի գոյության և խաղաղության իրավունքին: Նրանք առաջինը զգացին ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում են Լեռնային Ղարաբաղում: Եթե ԵՄ-ն իմաստ ունի, պաշտպանեք այս եղբայրներին՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»,- ասել է Սալվինին։
Նշենք, որ հայկական սփյուռքը նմանատիպ բողոքի ակցիաներ է իրականացնում աշխարհի շատ երկրներում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո