Գիտեք իհարկե, սա վաղուց է գալիս՝ Ղարաբաղյան շարժման սկզբից։ Պարզապես հիշեցնեմ՝ 1989 թվականի հունվարին Միխայիլ Գորբաչովի նախաձեռնությամբ ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հատուկ կառավարման կոմիտեն, բայց դա դեռ Սովետի օրոք էր։ Իսկ 1991 թվականի սեպտեմբերին տարածաշրջան են ժամանում Բորիս Ելցինը և Նուրսուլթան Նազարբաևը։ Պատերազմը դադարեցնելու նրանց ջանքերն առանձնապես մեծ արդյունք չեն տալիս, բայց մի քանի տարի անց՝ 1994 թվականի գարնանը, ի վերջո Բիշքեկում կնքվում է հրադադարի մասին պայմանագիրը, իհարկե` կրկին Մոսկվայի նախաձեռնությամբ։
Ի դեպ, հիմա քչերն են հիշում, բայց այն ժամանակ եղավ մի պահ, երբ թուրքերը հայտարարեցին՝ մտնում ենք Նախիջևան։ Սակայն Բորիս Ելցինը հակադարձեց՝ դա լինելու է Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, ու դրանով ամեն ինչ ավարտվեց։ Վերլուծաբանները փաստում են՝ մինչև վերջերս էլ բավական էր Մոսկվան նոթերը կիտի, և Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող գոտիներում ամեն ինչ ավարտվում էր։ Այդ ժամանակներն անցել են՝ այժմ այդպես չէ։ Գոնե մեր դեպքում Մոսկվայի միջնորդությամբ հրադադար հաստատելու ջանքերը փաստորեն հաջողությամբ չեն պսակվել, և ռազմական գործողությունները շարունակվում են։
Այնուամենայնիվ շատերը համոզված են, որ միայն Ռուսաստանի միջամտությունը կարող է վճռորոշ լինել, քանզի հենց Ռուսաստանն է պահպանում մեր տարածաշրջանում ամենամեծ ազդեցությունը և հակամարտող կողմերին համոզելու ունակությունը։ Տարբեր սցենարներ են դիտարկվում։ Այսօր ուզում եմ ներկայացնել Ռոսբալտ համացանցային կայքի վերլուծականը։ «Կա երեք տարբերակ»,– գրում է Ալրքսանդր Ժելենինը։
Երբ և ինչով է ավարտվելու այս պատերազմը
Տարբերակ առաջին։ Այս տարբերակը բացառում է ուժի կիրառումը, այսինքն` Մոսկվան առաջվա պես կարող է պարզապես հորդորել կողմերին հոժարակամ հրաժարվել բռնություններից։ «Բայց, ինչպես տեսնում ենք, այս տարբերակն այսօր չի աշխատում։ Այն ազդեցություն չի գործում Ադրբեջանի վրա, որը Թուրքիայի աջակցությամբ մարտի դաշտում փորձում է հաստատել իրեն որպես տարածաշրջանային տերություն»,- կարծիք է հայտնում ռուսաստանցի փորձագետը` շրջանցելով սակայն այն իրողությունը, որ ռազմական գործողությունները դեռ չեն ավարտվել և շատ դժվար է առայժմ գուշակել, թե ի վերջո ով կհաստատվի որպես տարածաշրջանային տերություն։
Վերլուծաբանն ավելացնում է։ Կրեմլի հաջորդ քայլերը այս հակամարտությունում ենթադրում են այսպես ասած «խաղաղության պարտադրում» առճակատվող կողմերից որևէ մեկին։ Ում պետք է պաշտպանի Մոսկվան. հարցի պատասխանն ակնհայտ է՝ Հայաստանը Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, իսկ Ադրբեջանը Կրեմլի երկրաքաղաքական հակառակորդի՝ Թուրքիայի դաշնակիցն է։
Տարբերակ երկրորդ։ Ռուսաստանը կարող է Հայաստան մտցնել այսպես կոչված «սահմանափակ ռազմական կոնտինգենտ»` ի լրումն Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի։ «Բայց սա բարդ է»,– կարծիք է հայտնում ռուսաստանցի փորձագետը` հիմնավորելով՝ Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի, իսկ շրջակա պետությունները՝ Վրաստանը, Իրանը ու Ադրբեջանը փակել են իրենց օդային տարածքը։ Եվ երկրորդ հանգամանքը՝ Հայաստան լրացուցիչ ուժեր ուղարկելը Ռուսաստանի համար ոչ միայն անիմաստ է, այլև վտանգավոր։ «Չէ որ եթե լրացուցիչ ուժեր ես ուղարկում, դրանք ոչ միայն պիտի պարզապես ներկա լինեն, այլեւ պիտի կռվեն»,– եզրակացնում է ռուսաստանցի վերլուծաբանը։
Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, կամ Արթուր Քլարկի իրականացած ու չիրականացած կանխատեսումները
Եվ վերջապես տարբերակ երրորդ։ Այլ տարածաշրջաններում փորձարկված հիբրիդային տարբերակն է. «Մենք այնտեղ չկանք»։ Այսինքն՝ Ռուսաստանն ամեն կերպ ֆինանսապես և այլ միջոցներով աջակցում է կողմերից մեկին, բայց շարունակ հայտարարում է՝ մենք այդ տարածաշրջանում ներկա չենք։