Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել RT ռուսական միջազգային լրատվական հեռուստաընկերությանը։ Նախագահի աշխատակազմի Facebook-յան էջում հրապարակվել է հարցազրույցից մի հատված` Թուրքիայի կողմից Ադրբեջանին մատակարարվող իսլամիստ ահաբեկիչների մասին։
«Թուրքիան իսլամիստ զինյալների և ահաբեկիչների է բերել Ադրբեջան: Իհարկե, ինչպես միշտ Թուրքիան արդարացումներ է բերում իր արարքների համար: Նրանք ասում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն սա չի գործում նոր աշխարհում, քանի որ նրանք էթնիկ եղբայրներ ունեն Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում, սա նշանակում է, որ պետք է միջամտի՞ ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր ծագի: Գուցե այո, քանզի երբ նայում եմ ժամանակակից Թուրքիային, այդ երկիրը 360 աստիճանով խնդիրներ ունի` Եգիպտոսի հետ, ներգրավված է Լիբիայում և այլն»,– ասել է Արմեն Սարգսյանը։
Նա նաև արձանագրել է, որ Թուրքիան խոսում է PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) զինյալների մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է, խոսում է նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մասին՝ ասելով, թե հայերը կարող են հարվածել դրան, ուստի իրենք այստեղ են այն պաշտպանելու համար:
Փաշինյանը դիվանագետներին ասել է` ինչի համար է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս
«Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե հայերն ուզեին հարվածել խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ, երբ այն դեռ նոր էր կառուցվում: Այդ ժամանակ մի քանի հրետակոծություն, և այն առհասարակ չէր լինի, սակայն հայերը դա չեն արել: Անգամ մեկ փամփուշտ չի արձակվել: Հայերը թույլ են տվել Ադրբեջանին կառուցել խողովակաշար, վաճառել նավթ և գազ, այդ թվում և Կենտրոնական Ասիայից, վաստակել միլիարդավոր դոլարներ և, այդ գումարներն օգտագործելով, գնել միլիարդավոր դոլարների արժողությամբ զինամթերք, որը ԼՂ-ում օգտագործում են հայերի դեմ»,– ասել է ՀՀ նախագահը։
Արմեն Սարգսյանն ասել է նաև, որ գումարով ու թուրքական աջակցությամբ հնարավոր է հաղթահարել ցանկացած ժամանակակից պաշտպանական համակարգ, ինչպիսին ուներ Լեռնային Ղարաբաղը:
ՀՀ նախագահի հարցազրույցն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի այսօր:
Թուրքիան ունի՞ կանաչ լույս ՆԱՏՕ-ից. ՀՀ նախագահը հարց է հղում դաշինքի անդամ երկրներին