Զոհվածների վերադարձի և գերիների փոխանակման թեմայով ԵԱՀԿ ՄԽ–ն կապի մեջ է Կարմիր խաչի հետ

Նրանք կողմերին կոչ են անում լիարժեքորեն կատարել իրենց պարտավորությունները և անհապաղ տրամադրել անվտանգության ապահովման անհրաժեշտ երաշխիքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտնում է, որ ինտենսիվ քննարկումներ են վարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում զոհվածների աճյունների շուտափույթ վերադարձի և գերիների փոխանակման պայմանների շուրջ:

Ստեփանակերտում օդային տագնապ է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը ՝ ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին ՝ Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը ՝ ԱՄՆ–ից) ողջունել են հրադադարի մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանի արտգործնախարար Զորաբ Մնացականյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարությունը։ Նրանք կողմերին կոչ են անում լիարժեքորեն կատարել իրենց պարտավորությունները:

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ինտենսիվ քննարկումներ են վարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ դիերի և գերիների փոխանակման ապահովման մեխանիզմների առնչությամբ։ Դա կյանքի կոչելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ տրամադրել անվտանգության ապահովման անհրաժեշտ երաշխիքները:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան