Եվս 6 մահ Հայաստանում. կորոնավիրուսի զոհ դարձածները կանայք են

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած կանանցից ամենաերիտասարդը 55 տարեկան է, ամենատարեցը` 88։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik.  Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ևս 6 մարդ է մահացել։ Տեղեկությունը  հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 55, 66, 67, 69, 88 և 70 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրը կորոնավիրուսային վարակ ունեցող, սակայն այլ հիվանդության պատճառով մահվան դեպք չի արձանագրվել։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը շարունակում է մնալ 303։

Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55736 դեպք։