Ժամանակավոր հրադադար կհաստատվի․ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ավելի քան 10 ժամ տևած քննարկումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին ներկայացրեց հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտմբերի - Sputnik. Մոսկվայում քիչ առաջ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Արցախում ստեղծված իրադրության շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։

Թուրքիան պարտվում է նեոօսմանիզմի համար առաջին մարտում. Հարությունյանը` պատերազմի մասին

Ինչպես ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, կողմերը պայմանավորվել են հետևյալ քայլերի մասին. 

1)2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից հայտարարվում է հրադադար հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար ՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան,

2) հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ,

3)Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում սուբստանտիվ բանակցությունների ՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով,

4) կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Նշենք, որ հանդիպումը մեկնարկել էր մոտավորապես 17։30–ին և տևել է ավելի քան 10 ժամ` մեկ ժամից ավելի ընդմիջումով։ Բանակցությունների մեկնարկից մեկ ժամ անց ադրբեջանական դրոշով ավտոշարասյունը լքել է ընդունելությունների տունը և որոշ ժամանակ անց վերադարձել։

Հիշեցնենք` երեկ կեսգիշերին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Նա ասել էր, որ հրադադար պետք է հաստատվի գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել էին ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 376 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն