Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի սրման և Ադրբեջանի հետ սահմանին լարվածության աճի պատճառով ՀՀ–ում ռազմական դրություն է հայտարարվել։ Որոշվել է խստացնել նաև հատուկ իրավական ռեժիմը։ Ի՞նչ փոփոխություններ կլինեն Հայաստանի քաղաքացիների կյանքում։
Sputnik

Առաջին անգամ չէ, որ Հայաստանում ռազմական դրություն է մտցվում։ Ռազմական դրություն էր հայտարարվել նաև Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ընդ որում` ոչ միայն Հայաստանում, այլև հարևան պետություններում` Ադրբեջանում և Վրաստանում։ Այսօր նույնպես այդ ռեժիմը Հայաստանում և Ադրբեջանում միաժամանակ հայտարարվեց, բայց հիմա այդ երկրները ոչ թե ընդհանուր թշնամու դեմ են կռվում, այլ իրար հետ են հակամարտում։

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

Այնպես ստացվեց, որ Հայաստանի քաղաքացիները ռազմական դրության անցան արտակարգ դրության ավարտից հետո, սակայն պահպանելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները։ Այդուհանդերձ, ռազմական դրությունը, որպես կանոն, ոչ թե կենցաղային որոշակի անհարմարություններ է ենթադրում, այլ կոնկրետ սահմանափակումներ հասարակական կյանքում։ Ընդ որում` իրավական այդ ռեժիմի կիրառման համար ամենևին էլ պետք չէ պատերազմական վիճակում լինել, այն կարելի է կիրառել նաև խաղաղ ժամանակ։

Օրինակ` 1948 թվականին ռազմական դրություն սահմանվեց Ֆրանսիայում, այնուհետև ԱՄՆ–ում գործադուլները ճնշելու համար, հետո նաև ռասայական անկարգությունների դեմ (1962 թ.)։ Այդ առումով բացառություն չէր նաև Կանադան (1970 թ.)։

Շատերը երևի կհիշեն նաև Լեհաստանի իրադարձությունները, երբ 39 տարի առաջ երկրի նախագահ Վոյցեխ Յարուզելսկին ռազմական դրություն մտցրեց Լեհաստանում։ Այդ ժամանակ երկիրը որևէ մեկի դեմ չէր պատերազմում, բայց «Համերաշխություն» արհմիությունը, որը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում վճռորոշ փոփոխություններ էր պահանջում, Լեհաստանի Միացյալ աշխատավորական կուսակցության ղեկավարության համար ցանկացած թշնամուց էլ վատ էր։

Ինչի՞ն ստիպված կլինենք ընտելանալ, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի։ Նախևառաջ, քաղաքացիների որոշ իրավունքների և ազատության զգալի սահմանափակումներին, օրինակ` ազատ տեղաշարժի, հավաքների ազատության, խոսքի ազատության, դատական գործերի ուսումնասիրման իրավունքի, գույքի անձեռնմխելիության իրավունքի։ Սակայն սա դեռ ամենը չէ, ավելի թեժ էլ կարող է լինել, եթե դատական ու գործադիր իշխանությունները փոխանցվեն համապատասխանաբար ռազմական դատարաններին ու ռազմական հրամանատարությանը։

«ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ են կատարվել

Բայց չէ՞ որ կա նաև այսպես կոչված պաշարման դրություն, որն էականորեն ավելի խիստ է, քան ռազմականը։ Սակայն այստեղ էլ մեզ քիչ բանով կարելի է զարմացնել. անցած դարի 90-ականներին Հայաստանը, որն արգելափակվել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, հենց այդպիսի վիճակում էլ հայտնվել էր։ Գոյատևելու համար մեծ դեր խաղացին բարձր գիտակցությունը, կազմակերպվածությունը, փոխաջակցությունն ու մարդկանց ստեղծագործ միտքը։

Սա այն դեպքն է, երբ չկա չարիք առանց բարիքի, և եթե հանկարծ որևէ բան այնպես չլինի, ավագ սերունդը, որը մութ գիշերներ, սով ու ցուրտ է տեսել, կսովորեցնի, կօգնի, կաջակցի։

Ինչ վերաբերում է խոսքի ազատությանն ու ցույցերին, ապա ինչպես ընդդիմադիր ծանոթներիցս մեկն ասաց, «ամեն ինչ հետաձգվում է, մինչև լավ ժամանակները գան, իսկ հիմա պետք է համախմբվենք, որպեսզի հաղթենք»։

Իրավիճակը, որում բոլորս հայտնվել ենք, բարդանում է նրանով, որ պետք է հաղթենք միանգամից երկու ճակատում` կորոնավիրուսի և ռազմական։ Դեմքին դրված դիմակով, իհարկե, հակառակորդին խփել չի ստացվի, բայց որպեսզի պատերազմում առողջ մարտիկները շատ լինեն, ռազմական դրության անցած երկրի քաղաքացիները ստիպված կլինեն դիմակ դնել, քանի դեռ վերջնականապես չենք հաղթահարել COVID-19–ի ճգնաժամը։

Միևնույն ժամանակ Հայաստանի տարածքում գործող հիվանդանոցները դադարեցրել են պացիենտների պլանային ընդունելությունները երկրում մտցված ռազմական դրության պատճառով։ Համապատասխան հրամանը ստորագրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ընթացող պատերազմական գործողություններից հետո կմնան բազմաթիվ կարմիր գծեր. քաղաքագետ

Չէի ցանկանա վախեցնել ո՛չ ինձ, ո՛չ էլ ընթերցողին, բայց ռազմական դրության պայմաններում քաղաքացիներից և կազմակերպություններից կարող է բռնագրավվել պաշտպանության համար անհրաժեշտ գույքը (հետագայում պետությունը պարտավոր է փոխհատուցել դրա արժեքը), քաղաքացիները կարող են կորցնել բնակության վայրն ընտրելու և օրվա կոնկրետ ժամի փողոցում գտնվելու իրավունքը։

Իսկ ՄԱԿ–ի, Եվրոպայի Խորհրդի, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ փոխհարաբերություննե՞րը։ Հայաստանում այդ առումով պարզաբանումներ դեռ չեն եղել, իսկ ահա Ուկրաինայի օրենքը, օրինակ, քաղաքական կուսակցությունների և հասարակական միավորումների գործունեության արգելքի հնարավորություն է նախատեսում, եթե նրանց աշխատանքն ուղղված է «Ուկրաինայի անկախության վերացմանը կամ բռնի ուժով սահմանադրական կարգի փոփոխությանը»։

...Ինչպես նշեց նույն իմ ծանոթ ընդդիմադիրը, Հայաստանում սովորում ենք ապրել պատերազմական ժամանակների կանոններով, ով և ինչով կարող է մոտեցնում է հաղթանակը, և հավատում ենք, որ երբ ամեն ինչ ավարտվի, տղամարդիկ նորից կանանց կսկսեն ադամանդներ նվիրել։ Ադամանդների հարցում պնդել չեմ կարող, իսկ մնացածը ճշմարտություն է։