Բիշքեկում պարետային ժամ է սահմանվել

Ղրղզստանի մայրաքաղաք արգելք է դրվում զենքի և ոգելից խմիչքների վաճառքի վրա, ինչպես նաև արգելվում է հանրահավաքների, ժողովների և փողոցային երթերի անցկացումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում արտակարգ դրության պայմաններում այսօրվանից պարետային ժամ է սահմանվում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը` հղում անելով ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

Ղրղզստանի նախագահը պատրաստ է հրաժարական տալ, բայց մի պայմանով

Պարետային ժամը կգործի 21։00-ից մինչև առավոտյան 5։00։

Արտակարգ դրության պայմանների ապահովման մասին հրամանը ստորագրել է քաղաքի պարետ Ալմազբեկ Օրոզալիևը:

Պարետային ժամը տարածվում է բոլոր քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա։ Բացառություն են պետական և քաղաքային աշխատողները, որոնք նպաստում են պարետի գրասենյակի գործունեությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը հրամանագիր էր ստորագրել սոցիալ-քաղաքական ծանր իրավիճակի պատճառով Բիշքեկում արտակարգ դրություն մտցնելու մասին:

Հիշեցնենք` Ղրղզստանում հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո զանգվածային ցույցեր էին սկսվել: Խորհրդարան չանցած ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները գրավել էին խորհրդարանի շենքը, որտեղ գտնվում է նաև նախագահական վարչակազմը:

Ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով տուժել է ավելի քան 1,2 հազար մարդ, մեկ մարդ մահացել է: Ղրղզստանի վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել։ Նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը ընդդիմադիրներին երկխոսության կոչ է արել, սակայն առայժմ պաշտոնական բանակցություններ չեն եղել:

Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները երկրի կառավարման համակարգող խորհուրդ են ստեղծել և վարչապետի պաշտոնում առաջադրել բանտից ազատված ընդդիմադիր Սադիր Ժապարովին: Հոկտեմբերի 6-ին խորհրդարանն արտահերթ նիստում հաստատեց նրա թեկնածությունը: Մի շարք ընդդիմադիրներ համաձայն չեն այդ նշանակման հետ, ստեղծել են իրենց համակարգող խորհուրդը և մտադիր են ընտրել իրենց վարչապետին։ Նրանք նաև պահանջել են, որ նախագահը հրաժարական տա, խորհրդարանն էլ լուծարվի։