Ստեփանակերտցի Սիլվա Մարությանը հունվարի 27-ից ընտանիքի հետ ապաստարանում է ապրում։ Կինը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է, որ տղամարդիկ ապաստարանում ստեղծել են ամեն հարմարություն. ամենակարևորը` հեռուստացույց կա լուրերին հետևելու համար։
«Մեր զինվորներին մատաղ լինեմ, որ իրենք պոստերը պահում են, զոհվում...: Էս պադվալի մեջ ոչ մի բան չենք իմանում, ոչ մի նորություն։ Միայն հեռուստացույցից ենք լուրերն իմանում»,–ասում է տիկին Սիլվան և հավելում` ճիշտ է, հոսանքը երբեմն–երբեմն անջատվում է։
Կինը պատմում է, որ մի քանի ընտանիքով են տեղավորվել ապաստարանում։ Օրվա ընթացքում, իհարկե, տուն են գնում` լվացք անելու և լոգանք ընդունելու համար։
«Ապաստարանում կոֆեն քաղցր է, ինչքան էլ չուզաս` պետք է խմես»,–ասում է տիկին Սիլվան ու սուրճ հյուրասիրում մեզ։
Իսկ ինչ վերաբերում է հումանիտար հրադադարին, ապա կինը նշում է` պարզ չէ արդյո՞ք դա կայուն հրադադարի կվերածվի, թե ոչ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան