ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել Եվրասիական միության գործընկերներին։
Նա հիշեցրեց, որ ռուսաստանցի բժիշկները մեկնել էին Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան և Մոլդովա՝ հիվանդներին օգնելու և խորհրդակցությունների համար։ «Անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ հինգ պետությունները պատրաստ են օպերատիվ միջոցներ ձեռնարկել բնակչությանն օգնելու համար»,– ավելացրեց նա։
Հիմա, երբ Ռուսաստանում վարակի դեմ պատվաստանյութն արդեն պատրաստ է, հնարավորություններ են ստեղծվում քաղաքացիների կամավոր պատվաստման համար։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել պատվաստանյութը, առաջին հերթին՝ ԵԱՏՄ երկրներին։
«Մեր նպատակը հիմա քաղաքացիների կյանքն ու առողջությունը պահպանելն է»,-ընդգծեց ՌԴ վարչապետը։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11-ին ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։ Պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։