ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik.Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը մեկնարկից մոտ մեկ ժամ անց ընդհատվել է։ Տեղեկությունը հայտնում է RT-ի թղթակից Ռոման Կոսարևը։
Ընդմիջումն ավելի քան մեկ ժամ է տևել, այնուհետև հանդիպումը շարունակվել է։
«Ռոսիա–24»–ի թղթակիցն էլ հայտնում է, որ ինչ–որ պահի ադրբեջանական դրոշով ավտոշարասյունը լքել է ԱԳՆ ընդունելությունների տունը և որոշ ժամանակ անց վերադարձել։ Լրագրողը ենթադրում է, որ բանակցությունների ընթացքում հարց է բարձրացվել, և լրացուցիչ խորհրդատվություններ են պահանջվել, որոնք կարելի էր անել միայն դեսպանատնից։
Հիշեցնենք` այսօր կեսգիշերին հայտնի դարձավ, որ Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Նա ասել էր, որ հրադադար պետք է հաստատվի գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել էին ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։
Հանդիպումը մեկնարկել է մոտավորապես 17։30–ին։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջին կադրերը. տեսանյութ