Պատերազմի օրերին կամավորների օգնությունն ավելի քան անհրաժեշտ է: Ադրբեջանի հարձակման լուրը ստանալուց անմիջապես հետո մեծ թվով կամավորներ հայտնվեցին, նրանց թիվն ամեն օր է ավելանում: Հագուստ, սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ, տրանսպորտ… Այն, ինչի կարիքը կա կամ կարող է լինել, կամավորները գտնում, ստեղծում ու հնարավորինս արագ տեղ են հասցնում:
Կամավոր է նաև Զարուհի Մուրադյանը՝ ամբողջ ընտանիքով: Ամեն անգամ, երբ սահմաններին անհանգիստ է, նրանք շտապում են առաջնագծի համար օգնություն կազմակերպել։ Տիկին Զարուհին ասում է՝ այս պատմությունը 1989 թվականին է սկսվել, երբ ամուսինն օդաչու էր և դեպի Արցախ թռիչքներ էր կատարում, ինքն էլ սեփական մեքենայով մարդկանց էր Արցախ հասցնում։ 2016 թվականին, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, ամուսիններով միանգամից ձեռնամուխ եղան կռվող տղաներին անձրևանոցներով ապահովելու գործին։
Հիմա էլ՝ պատերազմի առաջին իսկ օրվանից, մի քանի ուղղությամբ են օգնություն կազմակերպում։ Տիկին Զարուհին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիրն է, պատկերասրահն այս օրերին ոչ թե արվեստասերներին է ձգում, այլ մեծ թվով կամավորների։ Մի կողմում տեսակավորվում է սահման, մյուս կողմում՝ Արցախի բնակիչներին ուղարկվող օգնությունը։
«Ես մի սկզբունք ունեմ՝ հնամաշ, անպետք ոչինչ արցախցիներին չի ուղարկվելու»,- ասում է տիկին Զարուհին ու ավելացնում՝ օգնության եկած կամավորների մեծ մասին չի էլ ճանաչում, բայց բոլորն արդեն ոչ թե ընկեր են, այլ՝ հարազատ։
Բացի այս օգնությունից նաև ամուսնու հետ էլեկտրական շարժական գեներատորներ («դվիժոկ») են հավաքում ու փոխադրում Արցախ։ Հերթական խմբաքանակն այսօր է ուղարկվելու։ Դրան զուգահեռ կրկին անցել են զինվորներին անձևանոցներով ապահովելու գործին։
«Երկու արտադրամասերում են հիմա անձրևանոցները կարվում, տերերին կամ աշխատողներին չէի ճանաչում, բայց հիմա իմ քույրերն ու եղբայրներն են։
Որտեղի՞ց այդ ամբողջ գումարը հարցիս՝ տիկին Զարուհին պատասխանում է՝ կրկին անծանոթ մարդիկ են փոխանցումներ անում, գիտեն՝ յուրաքանչյուր դրամը նպատակին է ուղղվելու։
«Րոպեներ առաջ գիտնական ընկերս եկավ, քսան հազար դրամ դրեց սեղանին ու գնաց։ Շեշտում եմ սա, որովհետև գիտեք, թե գիտնականները մեր երկրում ինչքան աշխատավարձ են ստանում»,- ասում է նա։
Կամավորներն ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց տեղեկացնում են. ԱՀ նախագահ
Վերջում էլ ավելացնում է՝ ավագ որդին օդաչու է, հիմա Ստեփանակերտում է, կրտսեր որդին ԱՄՆ-ում է սովորում, պատերազմի լուրը ստանալուց անմիջապես հետո տոմս գնեց ու վերադարձավ։ Արդեն կամավորագրվել է, իր հերթին է սպասում։
Առաջնագծում կանգնածներին անձևանոցով ապահովելու գործին է լծված նաև Սամսոն Գրիգորյանն ընկերների, ծանոթների ու անծանոթների հետ։ Ասում է՝ զինվորին օգնելու համար բոլորն են միացել, մի բռունցք դարձել։Գործարար է և քաղաքացիական շարժման հիմնադիր, բայց հիմա ամենից առաջ կամավոր է։
«Ընկերներիցս շատերն արդեն առաջնագծում են, երբ այնտեղ ավելի մեծ թվով կենդանի ուժի կարիք լինի, բոլորս ենք գնալու, առայժմ զբաղված ենք անհրաժեշտ պարագաներ ձեռքբերելով ու սահման հասցնելով»,- ասում է Սամսոնն ու շտապում շեշտել՝ բանակն ամեն ինչով ապահովված է, սակայն կան իրեր, որոնք գնումների հաշվեկշռում չկան, օրինակ լապտերներ, արտաքին սնուցման մարտկոցներ (power bank) և այլն, այնպես որ ՊՆ-ի հետ համակարգված են աշխատում։ Խնդիրը ոչ թե սահման ինչ-որ բան հասցնելն է, այլ տանել այնպիսի բան, որ իսկապես պետք է։ Հրաժեշտ տալուց առաջ շտապում է ավելացնել.
«Իմ աչքով եմ տեսնում, տղաների հետ խոսում, հանկարծ չանհանգստանաք, հաստատ հաղթելու ենք»։
Պատերազմի հենց առաջին օրերից մեծ թվով բժիշկներ ցանկություն հայտնեցին մեկնելու Արցախ: Նրանք, ովքեր մնացել են, փորձում են տեղում կամավորական ձեռնարկների մասնակցել կամ հենց իրենք են նախաձեռնում: Նրանցից է բժիշկ Էդգար Նավասարդյանը։ Պատերազմում բժշկական լարանը («ժգուտ») կարող է, բառիս բուն իմաստով, կյանք արժենալ։ Հիմա լարանների պահանջարկը շատ մեծ է, քանի որ պատերազմի դաշտում դրանք երբեք շատ չեն լինում։ Մտածեց՝ ինչից կարելի է «ժգուտ» ստանալ։ Որպես հեծանվորդ գիտի, թե ինչքան որակյալ է հեծանիվի անվադողի ներքին հատվածը, այսպես կոչված «կամերը». իսկական հումք։ Սոցիալական ցանցերում կոչ արեց մարդկանց հավաքել «կամերներն» ու իրեն փոխանցել։ Կոչից հետո երկար սպասելու կարիք չկար, մարդիկ սկսեցին բերել ոչ միայն հին, այլև նոր անվադողեր։ Հետո էլ մի քանի տասնյակ կամավորներ օգնեցին նրան անվադողը բժշկական լարանի վերածել։
«Որպես բժիշկ փորձարկել եմ իմ ոտքի վրա, նաև բժիշկ ընկերներս են փորձարկել՝ որակով իսկական «ժգուտին» չի զիջում»,- ասում է նա ու նշում՝ արդեն առաջնագիծ մոտ 4200 հատ ուղարկել են, շուտով մի հազարն էլ կուղարկեն։
Ռուբեն Բաղդիշյանը զբոսաշրջային գործակալության հիմնադիր տնօրեն է։ Երբ երկրիդ վտանգ է սպառնում, տուրիզմի մասին մտածելու ժամանակը չէ։ Հիմա Ռուբենն ամեն օր Արցախի տարբեր հատվածներից փոքրիկների, կանանց ու ծերերի է տեղափոխում Հայաստան՝ հակառակորդի հրետակոծությունից հեռու։ Խոսել ու պատմել այդ մասին չի ուզում, անում է այն, ինչ այս պահին սիրտն է թելադրում։
«Լոխ լավա, արխային կացեք». առաջնագծում կռվող տղերքն անկոտրում են. տեսանյութ
Ալինա Պետրոսյանը նույնպես զբոսաշրջային գործակալության, նաև օնլայն խանութի հիմնադիր-տնօրեն է։ Պատերազմը սկսվեց, բոլոր գործերը երկրորդական դարձան։ Հիմա թիմով արցախցի փոքրիկների, նրանց մայրիկների ու ծերերի համար կացարան են գտնում, համակարգում նաև նրանց ու սահմանի համար որպես օգնություն ուղարկվող իրերը, տեսակավորում, դասավորում, փաթեթավորում։ Ոչ թե միայն նստած սպասում են օգնությունը բերեն՝ իրենք դասավորեն, այլև իրենք են օգնություն հայթայթում։
«Փորձում ենք ըստ օրվա պահանջի հասկանալ՝ ինչ է պետք։ Եթե դեղորայքի կարիք կա, ուրեմն շատ արագ բոլոր ուժերն այդ ուղղությամբ ենք ներդնում, Ստեփանակերտի էլեկտրակայանին հարվածելուց հետո power bank-երի կարիք կար, դրանով էինք զբաղված։ Հիմա էլ քնապարկեր ու անձրևանոցներ ենք հավաքում»,- ասում է Ալինան։
Արսեն Արտաշեսյանը հայաստանյան ադամանդագործական ընկերություններից մեկում է աշխատում։ Ասում է՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան 7:10, երբ ադրբեջանցիների հարձակման լուրը տարածվեց, տնօրենների հանձնարարությամբ անմիջապես հավաքվեցին՝ հասկանալու, թե ինչ օգնության կարիք կարող է լինել։ Երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը նաև խաղաղ բնակչությանն է թիրախավորում, հասկացան՝ գոնե Արցախի սահմանամերձ բնակավայրերի երեխաներին, կանանց ու ծերերին վտանգից հեռու է պետք պահել։ Աբովյանում գտնվող արտադրամասերից մեկից սկսեցին հեռացնել հաստոցներն ու տեղադրել շարժական մահճակալներ, ներքնակներ, հետո կապվեցին Արցախի ընկերների հետ, ուղարկեցին ընկերության ավտոմեքենան ու սկսեցին Հայաստան տեղափոխել։ Հիմա կացարանի վերածված արտադրամասում մոտ 70 երեխա է, նրանցից բացի կանայք և տատիկ-պապիկներ։
«Մարդկանց կյանքն ավելի կարևոր է, քան քարերը. դրանով հետո էլ կզբաղվեք»,- ասում է Արսենն ու ավելացնում՝ հիմա մտածում են արտադրամասի հարևանությամբ գտնվող տարածքը հարթեցնել, վագոն-տնակներ տեղադրել։ Հուսով են՝ դրա կարիքը չի լինի, բայց որ պատրաստ լինեն նոր փոքրիկների ընդունելու։
Վարչապետի մարտակոչից հետո կամավորների հոսքը կենտրոնական հավաքակայան չի դադարում
Հելենա Մելքոնյանը մասնագիտությամբ ռեժիսոր է և հրաշալի խոհարար։ Մտածեց ու հասկացավ՝ իր թխած «համովիկներն» այս օրերին կարող են շատ ավելի օգտակար լինել։
Սկսեց իր տորթիկների բարեգործական վաճառքը. գինը հենց իրենք՝ գնորդներն էին որոշում։ Մեկ օրում Հելենայի «քաղցր գաղափարի» շնորհիվ 100 դոլար և 70 հազար դրամ հավաքվեց ու փոխանցվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Քաղցր գաղափարի» երկրորդ քաղցր կողմն էլ այն էր, որ գնորդները հրաժարվեցին իրենց գնած տորթերը վերցնել՝ խնդրելով դրանք փոխանցել Հայաստանում ժամանակավոր ապաստան գտած արցախցի փոքրիկներին։
«Թող միայն խաղաղություն լինի ու ոչ մի երեխայի հետ վատ բան էլ չլինի»,- ասում է Հելենան ու շտապում խոստացած մերենգայով տորթն ու չիզքեյքը պատրաստելու։
Եթե մինչև պատերազմը դժվար էր գտնել կամավորների, ապա հիմա դժվար է գտնել մեկին, ով կամավոր չէ։ Այս պատերազմը շատերն արդեն Հայրենական են անվանում, պայքարը բոլորինս է, հաղթանակի համար յուրաքանչյուրը տալիս է այն, ինչ կարող է... Ոչ ոք ու ոչինչ չի ափսոսում, որովհետև այսպես ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։