ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Genesis» ռոք խմբի համահիմնադիր, անգլիացի երգիչ և երգահան Փիթեր Գաբրիելը Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել` ասելով, որ ԼՂ հակամարտության գոտում ընթացող պատերազմը սարսափելի է ուղղակի:
«Խնդրում եմ խրախուսել ձեր քաղաքական գործիչներին, Բրյուսելին, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին` միավորվել ու դադարեցնել պատերազմը, քանի դեռ ավելի շատ մահեր չեն եղել»,–գրել է նա։
Նա նշում է, որ աշխարհի ամենահարազատ գործիքի` դուդուկի մոգական ուժն է իրեն ծանոթացրել Հայաստանի հետ։
Գաբրիելը հիշում է` երբ դուդուկահար Ջիվան Գասպարյանը 70-ամյակն էր նշում, իր ընկերներից Գարիկ Իսրայելյանը հրավիրել է տեսնելու Հայաստանն ու միանալ միջոցառումներին։ Երաժիշտն ասում է, որ իրեն դուր է եկել մարդկանց ջերմությունը, հայկական երաժշտությունն ու մշակույթը: Գաբրիելը հիշում է, որ այցելել է նաև Ծիծեռնակաբերդ։
Գաբրիելն ասում է նաև, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի հրադադար լինի, քանի որ Թուրքիայի նախագահն այժմ էլ 80 000–անոց թուրքական զորք է տեղադրել Հայաստանի հետ սահմանին, ինչը սարսափելի հեռանկար կարող է ունենալ` «պատմության մութ արձագանքներով լեցուն»։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 390 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ