Գորիսում Արցախից եկած բնակիչները ոչնչի կարիք չունեն, միայն կարոտն է խեղդում. տեսանյութ

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Գորիս, որտեղ Արցախի բնակիչները, որոնք այստեղ են տեղափոխվել ռազմական գործողությունների պատճառով, պատմել են թե ինչ պայմաններում են ապրում և ինչպես են իրենց զգում։
Sputnik

Գորիսում Արցախից եկած բնակիչներին շատ ջերմ են ընդունել: Քաղաքի հյուրանոցներից մեկն ապահովել է բնակիչներին կացարանով։ Արցախում հրետակոծության պատճառով կանայք ստիպված են եղել լքել իրենց տներն ու երեխաների հետ տեղափոխվել այստեղ:

«Լոխ դուխով են, լոխ տրամադրված են հակառակորդին ջախջախելու». զինվորների ուղերձն առաջնագծից

Գորիսում նրանք ոչնչի կարիք չունեն, բայց նրանք շատ են կարոտում իրենց տունն ու հարազատներին, իսկ հեռուստացույցից չեն կարողանում աչք կտրել և սրտի թրթիռով հետևում են նորություններին առաջնագծից։ Նրանց թոռները, որդիները, եղբայրներն ու ամուսիններն Արցախում են:

72-ամյա Էլմիրա Սարգսյանը Գորիս է եկել Արցախի Այգեստան գյուղից: Խոստովանում է` չէր ուզում գալ, բայց այնտեղ մնալն արդեն վտանգավոր էր։

«Ես այստեղ եմ, բայց մտքերով նրանց հետ եմ, չեմ կարողանում հեռուստացույցից կտրվել, որովհետև մեր տղաները, մեր ջահելությունը, անգամ թոռս այնտեղ են... Տղաս Ռուսաստանից Արցախ վերադարձավ, որպեսզի օգնության ձեռք մեկներ տղաներին», - ասում է նա:

Ձեռք չտալ. Արցախի տարածքում մնացել են չպայթած կասետային ռումբեր. լուսանկարներ

Տիկին Էլմիրան Գորիս է բերել նաև իր մեկ տարեկան ծոռնիկին, ասում է` ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի երեխան ոչնչի կարիք չունենա:

Մեր մյուս զրուցակիցը` Ռիմա Պետրոսյանը, ծնունդով Հադրութից է, Գորիս է եկել Ստեփանակերտից, սեպտեմբերի 28–ին: Նշում է, որ երեխաներն այստեղ լավ ժամանակ են անցկացնում: Խաղահրապարակ կա, խաղում են ու չեն ձանձրանում:

Ռիմայի բոլոր հարազատները ՝ ամուսինը, եղբայրը, փեսաներն ու հորեղբայրը, առաջնագծում են:

«Նրանք մեզ վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու: Ասում են` մենք լավ ենք, դուք ձեր մասին հոգ տարեք», - ասում է կինը:

Ռիմայի խոսքով` Գորիսում իրենց ապահովել են ամեն ինչով: