Արցախում արդեն 18 խաղաղ բնակիչ է սպանվել. ՄԻՊ–ը հրապարակել է նրանց անունները

Շուրջ 80 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ստորին և վերին վերջույթների, դեմքի շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Արցախում հակառակորդի հրետակոծությունների հետևանքով մինչ այսօր սպանվել է 18 խաղաղ բնակիչ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը միջանկյալ զեկույց է հրապարակել։

Ըստ այդ զեկույցի` մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ, Մարտակերտ քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում և Մեծ շեն համայնքին հարակից վայրում։ Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60–ը ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը տղամարդիկ են, 12-ը` կանայք, որոնք բեկորային հարվածների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ստորին և վերին վերջույթների, դեմքի շրջանում։

Մի՛ եղեք կույր. Արտակ Բեգլարյանը դիմել է միջազգային հանրությանը

Բնակիչները վնասվածքներ են ստացել Արցախի տարբեր բնակավայրերում, այդ թվում` Ստեփանակերտ քաղաքում կամ հարակից հատվածներում, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում, Թաղասեռ, Վարդաշատ համայնքներում, Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում, Սպիտակաշեն համայնքում, Մարտակերտի շրջանում Մարտակերտ քաղաքում, Մաղավուզ, Ներքին Հոռաթաղ, Մատաղիս համայնքներում, Ալաշան բնակավայրում, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում։

«Տեղեկացնում ենք, որ այսօր ևս Ադրբեջանը ծանր հրթիռներով ու ավիացիոն ռումբերով ռմբակոծել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը, որի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում, ըստ նախնական տեղեկությունների, արձանագրվել է երեք զոհ և 10 վիրավոր, որոնց վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են»,– տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից։

Մարդիկ մահացել ու վնասվածքներ են ստացել արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով, որոնք ադրբեջանական ԶՈւ–ն կիրառել է խաղաղ բնակչության նկատմամբ։

Պաշտպանի գրասենյակը հրապարակել է նաև Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիական անձանց տվյալները` 03.10–ի դրությամբ.

1. Լեսմոնյա Ստեփանյան, 1941թ., քաղաք Հադրութ,

2. Վիկտորյա Գևորգյան, 2011թ., քաղաք Մարտունի,

3. Էլլադա Բալայան, 1961թ., քաղաք Մարտունի,

4. Էրիկ Գրիգորյան, 1996թ., քաղաք Ստեփանակերտ,

5. Լյուբա Մամունց, 1957թ., քաղաք Մարտակերտ,

6. Լարիսա Մամունց, 1959թ., քաղաք Մարտակերտ,

7. Հրանտ Խաչատրյան, 1955թ., քաղաք Մարտակերտ,

8. Գրիշա Նարինյան, 1992թ., քաղաք Մարտունի,

9. Արմեն Հովսեփյան, 1985թ., քաղաք Մարտունի,

10. Վալերիկ Դադայան, 1956թ., քաղաք Մարտունի,

11. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Մարտունի,

12. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, Ալաշան բնակավայր,

13. Ռուզաննա Հովհաննիսյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

14. Հովիկ Աղաջանյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

15. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է փաստահավաք առաքելությունը և պարբերաբար ներկայացնում է թարմացված, լրացված տվյալներ։

Ստեփանակերտի հրետակոծության նոր կադրերը. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ