ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Վրաստանը ժամանակավոր արգելել է Հայաստանի ու Ադրբեջանի ուղղությամբ ռազմական նշանակություն ունեցող բեռների փոխադրումը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Վրաստանում անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել կապված Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական հակամարտության հերթական սրացման հետ։
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների հետ կապված` Վրաստանի կառավարությունը ժամանակավոր դադարել է երկու ուղղությամբ ռազմական նշանակության բեռներ տեղափոխելու թույլտվություն տրամադրել իրենց ցամաքային ու օդային տարածքներով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկու կողմերն էլ տեղեկացված են այս մասին։ Ինչ վերաբերում է քաղաքացիական բեռներին, ապա դրանք անխափան կերպով փոխադրվում են Վրաստանի սահմանով։
Քննարկվել է նաև բազմաթիվ զոհերի պատճառ դարձած հակամարտության հետ կապված բարդ իրավիճակը։ Նշվում է, որ էսկալացիան բացասական ազդեցություն է ունենում տարածաշրջանի անվտանգության վրա։ Վրաստանը նորից կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու միջազգային դերակատարներին միջոցներ ձեռնարկել բռնությունը դադարեցնելու ու երկխոսությունը վերականգնելու համար։
«Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Մեր նպատակն է պահպանել այդ հարաբերությունները», - նշված է հաղորդագրության մեջ։
«Մի կերպ ենք շենքից դուրս եկել». Ստեփանակերտի բնակիչը պատմում է հրետակոծության մասին
Նշված է նաև, որ Վրաստանը չպետք է թույլ տա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ճգնաժամային իրավիճակում Վրաստանում ու դրանից դուրս առանձին ապակառուցողական ուժերը ստվեր գցեն երկու երկրների հետ Վրաստանի բարեկամության վրա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 3-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։
«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։