ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն այս պատերազմում կամակատար է։ Այսօր Արցախում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Թուրքիան տարածաշրջանը հավերժ ծխացող հակամարտության նոր օջախ դարձնելու խնդիր է դրել»,– ասաց Ղուլյանը։
Նա նաև հայտնեց, որ թե՛ Արցախի, ու թե՛ Հայաստանի համար այս պատերազմն անակնկալ չէր։
«Բայց մենք գիտեինք, որ մեր դեմ լինելու է միայն Ադրբեջանը` իր բոլոր ռազմական, տնտեսական, քաղաքական հնարավորություններով և մեր պատրաստվածությունը դրան համարժեք էր»,– ասաց նա։
Աշոտ Ղուլյանը շեշտեց, որ Ադրբեջանը երկար տարիներ պատրաստվել է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների և դասեր քաղելով 90-ականների Արցախյան ազատամարտից ու 2016թ–ի Քառօրյա պատերազմից, դիմել է Թուրքիայի ու ահաբեկչական միջազգային խմբերի աջակցությանը։
Գնահատելով արցախյան պատերազմի ներկա փուլը և սահմաններում տիրող իրադրությունը, Արցախի ԱԺ նախկին նախագահը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում Արցախի հարցն իր օգտին ռազմական ճանապարհով լուծելու համար։
«Մենք, իհարկե, ուզում ենք օր առաջ տեսնել այն ազդեցությունը, որ միջազգային հանրությունը պետք է ունենա տարածաշրջանի վրա։ Անչափ կարևոր է, որ հենց Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ լինի այն ազդեցությունը, որ թույլ կտա ռազմական գործողությունները տեղափոխել դեպի բանակցային գործընթաց»,– ասաց Ղուլյանը։
Արցախի դեմ կռվող վարձկան ահաբեկիչները խուճապի մեջ են. ԱԱԾ–ն ապացույցներ է ներկայացրել
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի նախկին ընթացքին, Ղուլյանն արձանագրեց, որ Ադրբեջանի ներկա պահվածքը վկայում է, որ այն Ադրբեջանի համար մինչ այժմ միայն ժամանակ շահելու միջոց է եղել` Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմ սկսելու համար։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 3-ի ժ. 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 209 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։
«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։