Արցախի անկախության ճանաչման հարցը ՀՀ օրակարգում կա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» արաբական հեռուստաալիքին, որում անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի– Sputnik.Հայաստանի Հանրապետության օրակարգում կա Արցախի անկախության ճանաչման հարցը: «Ալ Ջազիրա» արաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա օրակարգի հարց է։ Որոշում կկայացվի, թե չի կայացվի՝ կախված բազմաթիվ գործոններից»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև ասել է, որ միաժամանակ քննարկում է նաև Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հնարավորությունը:

Թուրքիայի դաշնակիցները թող բացատրություն տան. Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail–ին

Փաշինյանի բնորոշմամբ` նման դաշինք այսօր էլ դե ֆակտո գոյություն ունի, և Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։
«Եվ մենք պետք է ապագա զարգացումները հաշվի առնենք` այս դրույթը մեր օրակարգում ունենալով։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս իրավիճակը տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական իրողություն է առաջացրել։ Տարիներ շարունակ ռազմատենչ հռետորաբանություն զարգացնելով՝ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, և դա տեղի ունեցավ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ։ Միջազգային մամուլում արդեն կան վկայություններ, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից հավաքագրվում են վարձկաններ ու տեղափոխվում են մեր տարածաշրջան։ Այս պայմաններում մենք պետք է ուժեղացնենք մեր համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ՝ անվտանգության ոլորտում»,- արձանագրեց ՀՀ վարչապետը:

Աշխարհը պիտի հասկանա` ինչ է անում Թուրքիան Ղարաբաղում. Փաշինյանի հարցազրույցը Figaro-ին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու հարցով ԱԺ–ում հրավիրված արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի քաղաքական իշխանության օրակարգում կա:

Նա նաև հայտնել էր, որ ներկա պահին այդ հարցը չի քննարկվում, բայց և չէր բացառել, որ անհրաժեշտության դեպքում կքննարկվի:

Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքը Նախիջևան մտցնի. Փաշինյանի հարցազրույցը Россия 1–ին