Կիրակի օրվանից Երևանում, մարզերում և Արցախում ակտիվորեն օգնություն են հավաքում ռազմաճակատում գտնվող զինվորներին ուղարկելու համար։ Ու թեև իշխանությունները վստահեցնում են, որ բանակի ապահովման խնդիր չկա, մարդիկ տղերքի համար հագուստ, դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ են հավաքում։ Սակայն ռազմաճակատ ուղարկվող ամենաթրենդային մթերքը` «Սնիկերս» շոկոլադե կոնֆետն է։ Այդ ինչպե՞ս։
Ամեն ինչ սկսվեց ճակատում գտնվող տղաներից մեկի` հարազատներին ուղղված նամակից. «Ուտելիք ունենք, դուք սնիկերս ուղարկեք։ Որ գրազ ենք գալիս` թե խփենք կկպնի, ձեռի տակ սնիկերս չկա»։
Դրանից հետո մարդիկ սկսեցին ռազմաճակատ սնիկերսներ ուղարկել` տարբեր պերճախոս նամակներով ու գրություններով։
Օրինակ` Ալինան գրում է. «Բարև քաջ զինվորներ։ Ես Ալինան եմ և գիտեմ, որ դուք սնիկերս եք ուզել։ Փոխարենը սպասում եմ ազերիների խոցված տանկերի։ Աստված ձեզ հետ իմ հայ զինվորներ»։
Արկղերի վրա գրվում են. «Էս էլ որ գրազ գաք, ձեռքի տակ սնիկերս լինի»։
Այսօր Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը պաշտոնապես հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորների դիակների գրպաններում ներարկիչներ են հայտնաբերվել։
«Հիմնականում բոլոր այն ադրբեջանցի զինվորների դիակները, որոնք հայտնվել են հայկական կողմի տարածքում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում։ Սա ռազմական հանցագործություն է», – ասել էր Պողոսյանը։
Դրանից հետո հայկական տիրույթում ևս մեկ մեմ սկսեց տարածվել, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց գրպաններում ներարկիչներ, իսկ հայ տղաները` սնիկերս պահում։
Սնիկերսներից բացի, աղջիկները տղաներին ուղարկում են նաև այլ կոնֆետներ, սուրճ, ծխախոտ և տուփերի վրա հուզիչ գրառումներ անում. «Հետ եկեք, որ տանը չմնանք» կամ «Ուժեղ աղջիկներից, ուժեղ տղերքին»։
Սուրճի տուփի վրա ինչ–որ մեկը գրել է. «Հարսանիք կենենք հաղթելուց հետո։ Նկարս չկա, բայց սիրուն եմ։ Հարս»։
Իսկ հագուստի արկղում աղջիկներից մեկը հետևյալ գրությունն էր թողել. «Արի, որ երեխեքս քեզ պապա ասեն»։