ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի զարգացման ուղիները։
«Ռուսական կողմն իր լուրջ մտահոգություն է հայտնել շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ։ Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և թուլացնել լարվածությունը, ինչպես նաև զերծ մնալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից: Ընդգծվել է բանակցություններին շուտափույթ վերադառնալու կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կշարունակի միջնորդական ջանքերը, որպեսզի պայմաններ ստեղծի խնդիրը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար:
Ռուսաստանի ԱԳ նախարարը հաստատել է իր պատրաստակամությունը Մոսկովայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը կազմակերպելու համար:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան