«Որդուս 16 տարի առաջ եմ հայրենիքին նվիրել». օդաչու Վալերիի մասին պատմում են ծանոթները

Գյումրիի Մուշ 2 թաղամասի բակերից մեկում տիրող տրամադրությունը հուշում է՝ գույժը ստացել են: Բակում հավաքված տղամարդիկ հուզված զրուցում էին՝ հիշելով Վալերիին: Նրա դին դեռ հայրենի քաղաք չեն տեղափոխել: Սպասում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի –Sputnik. ՀՀ ԶՈւ մայոր Վալերի Դանելինը միշտ է սիրել ինքնաթիռը, փոքր հասակում էլ միայն ինքնաթիռով էր խաղում։  Մասնագիտության ընտրությունը դեռ դպրոցական հասակից  էր կանխորոշված, հայրենասիրությունն էլ` ռուս պապից ժառանգած:

«Վալերիի պես մարդ չկա. հայրենասեր էր, նվիրված ու քաջ, իսկ ինքնաթիռի հանդեպ սերը մանկուց ուներ: Ընտիր տղա էր, բոլորին հասնող»,-Sputnik Արմենիային արցունքոտ աչքերով պատմում է քեռին՝  չցանկանալով ներկայանալ:

Վալերի Դանելինը 2 երեխաների հայր էր. ի՞նչ է հայտնի հայկական Սու-25-ի օդաչուի մասին

Ուսումն Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում շարունակելն ու հայրենիքին նվիրվելը Վալերիի համար այլընտրանք չուներ: Դա  գիտեին բոլորը:  Հարազատները պատմում են՝ որդու մահվան լուրն առնելով` հայրը՝ Միշան, ասել է. «Ես իմ որդուն 16 տարեկանում եմ տվել հայրենիքին»:

Վալերին նաև միշտ աչքի էր ընկնում իր համեստությամբ, երբեք իր հաջողությունների մասին չէր բարձրաձայնում, ընկերասեր ու անվախ էր:

Հարևաններն էլ պատմում են, որ Վալերին հրաշալի անձնավորություն էր, իրենց բոլորի կողմից հարգված ու սիրված։

«Չենք հավատում, որ այլևս չկա, որ իր հրաշք բալիկների` Միքայելի ու Մարիամիկի հետ բակ էլ չի իջնելու»,–հուզված ասում են նրանք:

Խոցված Սու-25-ի օդաչու, ՀՀ ԶՈւ մայոր Վալերի Դանելինը Գյումրու բնակիչ էր, 33 տարեկան, ազգությամբ ռուս էր։

Հայաստանի տարածքում թուրքական ինքնաթիռի խոցած ՍՈւ-25-ի զոհված օդաչուն ռուս է

Օդաչուն զոհվել է Սու-25 գրոհայինով թռիչք կատարելիս՝ հետ մղելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարձակումները: Ինքնաթիռը խոցվել է սեպտեմբերի 29-ի առավոտյան Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչի կողմից, որն օդ է բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից։