Գերմանիան կոչ է արել Ռուսաստանին ու Թուրքիային ազդել Արցախում տիրող իրավիճակի վրա

Գերմանիայի արտաքին գործերի պետական նախարար Միխաել Ռոթը մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik.  Գերմանիան Ռուսաստանին ու Թուրքիային կոչ է անում օգտագործել իրենց «յուրահատուկ» ազդեցությունը Հարավային Կովկասում ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Բունդեսթագում լսումների ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի պետական նախարար Միխաել Ռոթը։

Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին

«Լեռնային Ղարաբաղում դրամատիկ էսկալացիան ցույց է տալիս, որ սառեցրած հակամարտությունները պետք է դառնան լուծված հակամարտություններ, հակառակ դեպքում դրանք անընդհատ բորբոքվելու են։ Մենք կապի մեջ ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, նաև տարածաշրջանում գործընկերների հետ», - ասել է պետական նախարարը։

Ռոթը հիշեցրել է, որ ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ մարտերը դադարեցնելու կոչով բանաձև է ընդունվել։

«Ռուսաստանի ու Թուրքիայի պես երկրները, որոնք յուրահատուկ ազդեցություն ունեն տարածաշրջանում, պետք է ավելի լուրջ վերաբերվեն խնդրին և ամենայն պատասխանատվությամբ նպաստեն խնդրի երկարաժամկետ լուծմանը։ Մենք առաջին հերթին շեշտը դնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա»,- հավելել է Ռոթը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել էին 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Թբիլիսին առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպել

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։