«Դա անհնար է». Փաշինյանն ասաց` ինչ է պետք բանակցությունների համար

ՀՀ վարչապետը շեշտեց` պատերազմը զրոյից չի սկսվել. Ադրբեջանը տևական ժամանակ ատելության խոսքի հռետորաբանություն է կիրառել հայկական կողմի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան խնդրի բանակցությունները պետք է շարունակվեն այնտեղ, որտեղ սկսվել են` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ Այսօր «Ռոսիա 1» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքը Նախիջևան մտցնի. Փաշինյանի հարցազրույցը Россия 1–ին

Նա նաև շեշտեց, որ բանակցությունների համար հարկավոր է բանակցային մթնոլորտ, և շատ դժվար է ռազմական գործողությունների մթնոլորտում խոսել բանակցությունների, հատկապես դրանց բովանդակության մասին։

«Առաջին հերթին պետք է դադարեցնել բռնությունը, պետք է արձանագրել ու Ադրբեջանը պարտավոր է ընդունել, որ խնդրի կարգավորման ռազմական լուծում գոյություն չունի»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ պատերազմը զրոյից չի սկսվել։ Ադրբեջանի իշխանությունները տևական ժամանակ ատելության խոսքի հռետորաբանություն են կիրառել հայկական կողմի նկատմամբ` միջազգային կոչերին հակառակ` սպառնալով խնդիրը լուծել պատերազմական ճանապարհով։

«Հուսով եմ, որ ներկա իրավիճակն ու այն իրադարձություները, որոնք այս պահին կատարվում են, կհամոզեն Ադրբեջանին, որ ԼՂ խնդիրը պատերազմական լուծում չունի։ Ադրբեջանի ԶՈւ–ն ձախողել է իր ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրը` ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը փորձում է ղարաբաղյան հարցը լուծել միայն Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով։

Թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է մեր ՍՈւ-25 գրոհիչը. օդաչուն զոհվել է

«Դա անհնար է։ Հարկավոր է փոխզիջում։ Իսկ փոխզիջման համար անհրաժեշտ է փոխզիջման մթնոլորտ։ Իսկ դրա համար Ադրբեջանը պետք է անմիջապես դադարեցնի ԼՂ–ի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիան»,– ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը շեշտեց նաև, որ հայկական երկու հանրապետությունների դեմ ագրեսիան Ադրբեջանը անսպասելի չի սկսել։ Դա եղել է նախապես ծրագրված գործողություն ու ծրագրվել է Թուրքիայի ԶՈւ–ի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 92 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։