ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մոտակայքում ՀՀ ԶՈՒ–ն այսօր 2 ԱԹՍ է խոցել։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ ԱԹՍ–ներից մեկն ընկել է դաշտերից մեկում. տեղում մեծ փոս է առաջացել։
Տեղի բնակիչներից Մասիս Մարտիրոսյանը պատմել է մեր թղթակցին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի շրջանում։
«Տեղի բնակչությունը հավաքված էր գյուղամեջում։ Նկատեցինք, որ վառվող օբյեկտ է իջնում ու ինչ–որ ձայն է գալիս։ Կանայք և երեխաներն իրար խառնվեցին, կանայք սկսեցին երեխաներին ներս տանել` անգամ չիմանալով, թե ով ում երեխային է վերցնում։ Մենք տղամարդկանցով շտապեցինք դեպքի վայր։ Երբ հասանք՝ պայթյունը որոտացել էր»,–ասաց Մարտիրոսյանը։
Դրանից հետո հակաօդային պաշտպանությունը եկել ու ԱԹՍ–ի կտորները հեռացրել է տարածքից։
Գյուղի բնակիչ Լեռնիկն էլ իր հերթին պատմում է, որ գյուղում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք չի տարհանվել։ Գյուղում տղամարդկանց մի մասը գնացել է ճակատ, մյուսը սպասում է։ Լեռնիկը նույնպես սպասում է իր հերթին։ Նորակերտում ապաստարաններ էլ կան։
«Հեչ որ չէ` կոմպոտ պահելու պադվալ ունենք, կիջնենք էնտեղ ու կսպասենք։ Մեր զինվորները պետք է իմանան, որ իրենց թիկունքն ուժեղ է»,–ասաց տղամարդը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։