ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ կողք-կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ–ն` անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին, ներկայում հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար»,–նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռևս անցյալ դարի 90-ականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց ՀՀ–ն։ Այնուհանդերձ, այժմ Թուրքիայի աջակցությունը բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում նրա ուղղակի ներկայությամբ:
Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու այդ դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը:
ԱԳՆ–ն վստահեցնում է` Հայաստանն ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից։
Ադրբեջանն Արցախի ժողովրդի հետ պետք է խոսի ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։
Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին. տեսանյութը` շուտով
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։
Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Արցախ տանող Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։