«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին

Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը աղոթում է Կովկասում խաղաղության համար և հանդես գալիս արցախյան հակամարտության գոտում իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու կոչով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի Կաթողիկոս–Պատրիարք Իլյա Երկրորդը մտահոգված է հայերի և ադրբեջանցիների առճակատմամբ։ Այս մասին ասվում է Վրաստանի ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Տագնապով տեղեկացանք սկսված դիմակայության մասին։ Մեզ համար դա հատկապես ցավալի է, քանի որ մենք հարևան ու ընկեր ենք, և Վրաստանում բազմաթիվ ադրբեջանցիներ և հայեր են ապրում»,- նշել է Իլյա Երկրորդը։

Մոլդովայի նախագահը խաղաղության կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, ինչպես նաև միջազգային հանրությունը թույլ չեն տա հակամարտության գոտում լարվածության հետագա աճ, հակառակ դեպքում դա լուրջ մարտահրավեր կլինի տարածաշրջանի և աշխարհի համար։

«Աղոթում ենք, որպեսզի Աստված խաղաղություն ուղարկի Հայաստանին, Ադրբեջանին և ամբողջ Կովկասին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։