ՀՀ ԶՈւ–ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է մարտերը տեղափոխել Ադրբեջանի տարածք

Արթուր Թովմասյանը նշում է, որ այս պատերազմին խառնվել է նաև Թուրքիան, և այժմ Ադրբեջան–Թուրքիա տանդեմն է աշխատում առաջնագծի երկայնքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԶՈւ–ն արդեն կասեցրել է թշնամու գրոհը, և բանակն ի վիճակի է գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Բանակը պատրաստ է այս մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94-ին, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կամ էլ այս տարվա հուլիսյան մարտերի ժամանակ»,–ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով` այս պատերազմին խառնվել է նաև Թուրքիան, և այժմ Ադրբեջան–Թուրքիա տանդեմն է աշխատում առաջնագծի երկայնքում։

Թովմասյանն ասաց, որ ընթացող մարտական գործողությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավասարակշիռ մեկնաբանություններ են տվել։

Աստված վերևում է, մենք՝ ներքևում. կամավորական խմբերը շարունակում են Շիրակից մեկնել Արցախ

Նա նշեց` Ադրբեջանն ասում է, թե Արցախի հարցը խաղաղ ճանապարհով հնարավոր չէ լուծել։ Թովմասյանն ասաց` Ադրբեջանն իրենց հետ թնդանոթների լեզվով է խոսում, թնդանաթով էլ պատասխան են ստանալու։

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը` Թովմասյանը նշեց, որ դա կարող է զսպաշապիկ լինել Ադրբեջանի համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հայ բարձրաստիճան զինվորականի մահվան մասին լուրերը սուտ են. Հովհաննիսյան